ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում

Երեկ Երեւանում «Արմթաբ»-ը հանրությանը պաշտոնապես ներկայացրեց հայկական առաջին պլանշետը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ այլն: Նշենք, որ ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի դեկտեմբերի 6-ի նիստն անցել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) եւ առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Ստացվում է, որ իշխանությունները մեր երկրում կարեւորն անկարեւորից տարբերելու մեծ խնդիր ունեն: Հարց է առաջանում. սա ի՞նչ առավելություն է տալու ՀՀ-ին այն դեպքում, երբ երկրում հազարավոր խնդիրներ մնացել են օդում կախված:

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Վերջերս մասնակցում էի ընկերներիցս մեկի հոգեհանգստին: Նշեմ, որ նա դատավոր էր: Տեղեկացա, որ քահանան հրաժարվել է մասնակցել հոգեհանգստի արարողությանը՝ պատճառաբանելով, որ դատավորների ու դատախազների հոգեհանգստին եւ հուղարկավորությանը չեն մասնակցում, քանի որ քահանաների նեղ շրջանակներում խոսակցություններ կան այն մասին, որ դատախազները բարի համբավ չունեն: Որքան էլ տարօրինակ է, բայց խնդրում եմ մեկնաբանել` իրականում նման բան կա՞:

Ռազմիկ Միկոյան (57 տարեկան, քանդակագործ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անկախ նրանից, թե դա ում է վերաբերում՝ դատավորին, շինարարին, հողագործին կամ նախարարին, եւ անկախ նրանից` մեղավոր է, թե ոչ, մարդը, եթե քրիստոնյա է եւ Հայ եկեղեցու զավակ, որեւէ եկեղեցական չի կարող հրաժարվել նրա հուղարկավորությունը կատարելուց: Պարագաներ կան, երբ հոգեւորականին արգելվում է արարողություն կատարել, սակայն այս հարցը բնավ կապ չունի դրա հետ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրոք, ներկայացված իրավիճակը բավականին արտառոց է: Մնում է կարծել, որ այս գործելաոճը կա՛մ կիրառվում է քահանաների նեղ շրջանակներում` փոքր-ինչ գաղտնի, կա՛մ էլ մեզ դիմած քաղաքացուն գցել են թյուրիմացության մեջ:

 

 

ՀԱՐՑ. Հայաստանում գնաճի ի՞նչ տեսակներ կան: Դրանցից հատկապես ո՞րն է նպատակադրում ՀՀ կենտրոնական բանկը: 

Արտակ Պետրոսյան (32 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառողական շուկայում գնաճ երեւույթը չափելիս կիրառվում են մի քանի տեսակի ցուցանիշներ: Դրանք կարող են տարբերվել ժամկետայնությամբ՝ ամսական, եռամսյակային, տարեկան: Իրենց հերթին այս ցուցանիշները կարող են լինել միջին կամ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Եթե, օրինակ, համեմատում ենք 2012թ. մարտ ամսվա գների մակարդակը 2011թ. մարտի գների հետ, ապա ստացվում է 12-ամսյա գնաճ՝ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Իսկ երբ համեմատում ենք 2012թ. հունվար-մարտ ամիսների գնաճը 2011թ. հունվար-մարտ ամիսների գների մակարդակի հետ, ապա դա գնաճի միջին ցուցանիշ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Երբ համեմատում ենք 2012թ. մարտի գների մակարդակը 2012թ. փետրվարի գների մակարդակի հետ, այն ամսական ցուցանիշ է ժամանակահատվածի վերջի դրությամբ եւ այսպես շարունակ: Գնաճի ցուցանիշները տարբերակվում են նաեւ ընդգրկմամբ. օրինակ՝ ընդհանուր կամ բնականոն:
ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014թ. հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 5.1% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ: Նշենք, որ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.1-3.6% գնաճ: Իսկ մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.6%-ով:

 
ՀԱՐՑ. Վերջերս ավտոմեքենայով խախտում եմ կատարել: Տեսանկարահանող սարքը ֆիքսել է այն, որի համար 50,000 դրամ տուգանք է արձանագրվել: Կարո՞ղ եմ տուգանքը մաս-մաս վճարել: Եթե ոչ, այդ դեպքում քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարումը կատարեմ:

Արտաշես Պողոսյան (34 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ դա կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ: Ըստ այդմ, եթե սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված խախտումներից առաջացած գումարները դատարկում են շարքային քաղաքացիների գրպանները: Այդ մասին են փաստում խմբագրություն ստացված բազմաթիվ ահազանգերն ու դժգոհությունները: Ըստ «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի ներկայացրած տվյալների` մոտ 1 մլն 300 հազ. խախտում է գրանցվել արագաչափերի ու տեսախցիկների միջոցով, եւ դա մոտավորապես 8000 դրամ միջին տուգանքի չափով կկազմի շուրջ 10 մլրդ-ից մի քիչ ավելի գումար:




Լրահոս