Որքան արժե հարսանիքի կազմակերպումը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանիք կազմել ցանկացող զույգերը վաղ թե ուշ կանգնում են միևնույն խնդրի առջև՝ ամուսնանալ հարսանեկան մեծ արարողությամբ, փոքր խնջույքով, թե բավարարվել, օրինակ, որևէ երկիր կամ հանգստյան վայր մեկնելով:  Այս հարցի շուրջ կարծիքները մշտապես հակասական են եղել, չէ՞ որ որքան մարդ, այնքան կարծիք:

Մարդկանց մեծամասնությունը, սակայն, գրեթե համակարծիք է մեկ հարցի շուրջ՝ հարսի ճերմակ զգեստ կրելը ոչ միայն ցանկալի է, այլև՝ պարտադիր:

Սակայն հարսանեկան արարողությանը պատրաստվողները, բնականաբար, կանգնում են մի բարդ խնդրի առջև, այն է՝ կատարել բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, որոնց համար առաջին հերթին գումար է անհրաժեշտ:

Armlur.am-ը որոշեց հետաքրքրվել, թե Հայաստանում ինչքան կարող է արժենալ հարսանեկան արարողության անցկացումը՝ իր բոլոր անհրաժեշտ մանրուքներով:

Սկսենք հենց հարսի համար այդ օրն ամենակարևոր հանգամանքից՝ հարսանեկան ճերմակ զգեստից: Շատերը սկսել են այն գնել արտասահմանյան կայքերից, քանի որ այդպես ավելի մատչելի է լինում: Շատ հարսանյաց սրահներ աստղաբաշխական արժեք ունեցող հարսանեկան զգեստներ են առաջարկում, որը հասու չէ սովորական քաղաքացուն: Այս հարցում, իհարկե, օգնության է գալիս զգեստի վարձակալությունը, սակայն այստեղ էլ խնդիրն այն է, որ ստիպված ես լինում կրել մի քանի այլ մարդկանց կողմից արդեն իսկ հագած հագուստը:

Հարսանյաց սրահների պակաս Երևանում չես հանդիպի: Դրանցում զգեստի վարձակալումը կարող է սկսել, օրինակ, 100 հազար դրամից: Նշենք, որ արժեքը կախված է հանգամանքից՝ նախկինում այն հագել են, թե՝ ոչ: Զգեստի հետ մեկտեղ` սրահի կողմից տրվում են նաև զամբյուղներ, քող, թագ և այլն: Հարսի կերպարի անբաժան մասն են կազմում կոշիկը, քողը, ծաղկեփունջը:

2

Հարսանյաց սրահներն օգնում են նաև տարոսիկների, մոմերի, նաև՝ հրավիրատոմսերի հարցում: Շատերն են նշում, որ այս փոքր աքսեսուարների համար շատ հաճախ ավելի շատ գումարներ են ծախսվում: Օրինակ՝ 1 տարոսիկի արժեքը սկսում է մոտ 250 դրամից, հրավիրատոմսինը՝ 700 դրամից, բաժակներին էլ՝ 4000-5000: Սակայն, հիմա շատերը նախընտրում են այս կարևոր ատրիբուտները պատրաստել ինքնուրույն:

Հուրաքանչյուր աղջիկ երազում է այդ օրն անմոռանալի տեսք ունենալու մասին, և այստեղ օգնության է հասնում դիմահարդարումն ու վարսահարդարումը: Այս ծառայության գները նույնպես տատանվում են. հարսանեկան սանրվածք և դիմահարդարում կարելի է անել ինչպես 10 հազար, այնպես էլ՝ 20 հազար կամ ավել արժեքով: Դա կախված է թե՛ սրահից և մասնագետից, թե՛ քո ընտրած կերպարից:

Տղամարդկանց բախտն այս հարցում բերել է: Փեսայի ամբողջական կերպարն առավել մատչելի է: Կոստյումներ կարելի է գնել նաև 50,000 դրամով:

Ընդունենք, որ ամենակարևոր տարրերից մեկը մատանիներն են: Դրանց արժեքը նույնպես տատանվում է:  Ըստ մատանու հաստության՝ այն կարելի է ձեռք բերել 150 հազարից սկսած:

1

Վարձույթով հարսանեկան մեքենաներ առաջարկող սրահների պակաս Հայաստանում նույնպես չկա: Հիմնականում մեքենաները տրամադրվում են ժամավճարով: Մի քանի ժամ տրամադրության տակ մեքենա ունենալու համար պետք է ունենալ գոնե 60,000 դրամ. բնականաբար, ավելի շքեղ մեքենաներն ավելի բարձր գներ են նախատեսում:

Հարսի, ապա փեսայի տուն այցելությունների ժամանակ ընդունված ավանդույթ է հյուրասիրություն կատարելը: Վերջին տարիներին ընդունված է այն մատուցել ֆուրշետի տեսքով: Այսպիսի ծառայություն մատուցող ընկերությունների պակաս նույնպես չկա: Կախված ֆուրշետի «ճոխությունից»՝ դրա արժեքը կարող է տատանվել 25,000-150,000-ի սահմաններում:

Անցնենք հանդիսությունների սրահներին: Հիմնականում հարսանեկան խնջույքներն անցկացվում են ռեստորաններում: Այստեղ նույնպես ընտրության լայն հնարավարություն կա: Ռեստորանում ծառայությունը մատուցվում է ըստ անձի: Կախված ճաշատեսակների քանակից՝ արժեքը կարող է տատանվել 8000-13,000-ի սահմաններում: 8000 դրամի դեպքում հիմնականում մատուցվում է երկու տաք ճաշատեսակ, ավել արժեքի դեպքում ճաշատեսակների քանակն ավելանում է:

Էլ ի՞նչ հայկական հարսանիք, առանց երաժշտության: Ընդունված է հարսի ետևից գնալ ավանդական տաշի-տուշիի ուղեկցությամբ: Հիմնականում այդ առաքելությունը կատարում են հենց տվյալ սրահի երաժիշտները: Ամբողջ օրվա համար այդ ծառայության արժեքն, օրինակ, կարող է կազմել 350 հազար դրամ, իսկ միայն ռեստորանի համար՝ 300 հազար: Իսկ DJ-ի աշխատանքի արժեքը սկսում է 50 հազար դրամից: Առանձին գումար է նաև վերջին շրջանում մոդայիկ դարձած թամադայի ծառայությունից օգտվելը, որի արժեքն էլ կարող է կազմել, օրինակ, 80 հազար դրամ կամ շատ ավելին՝ կախված նաև թամադայի ով լինելուց:

Բնականաբար, օրվա գեղեցիկ պահերն անմոռաց դարձնելու համար անհրաժեշտ է տեսա և ֆոտոնկարահանում: Կախված տեսախցիկների քանակից՝ այդ ծառայության արժեքը կարող է տատանվել: Օրինակ 2-3 տեսախցիկի առկայությունը, ֆոտոնկարահանումն ու մոնտաժը կարող է արժենալ 200 հազար դրամ:

Վերջին շրջանում բավական ակտուալ են դարձել հարսի և փեսայի, ինչպես նաև՝ հարսի ավանդական պարի ոչ ավանդական մատուցման ձևերը: Դրա համար զույգերը դիմում են պարուսույցներին կամ պարախմբերին։ Հարսանեկան 2 պար բեմադրելու արժեքը սկսվում է 30 հազար դրամից։ Իսկ ժամավճարի դեպքում՝ 1 ժամի արժեքը հիմնականում սկսվում է 3000 դրամից:

Չմոռանանք նաև հարսանեկան տորթերի և կրկին վերջին շրջանում ավանդական դարձած հրավառությունների մասին: Վերջինիս արժեքը կարող է սկսվել 40 հազար դրամից: Իսկ հարսանեկան տորթերի դեպքում ամեն ինչ բարդ է: Արժեքը որոշվում է ՝ ըստ մարդկանց քանակի, դիզայնի, օգտագործվող ատրիբուտների և այլնի հաշվին: Հարսանեկան տորթի մեկ կտորն արժե 1000-1500 դրամ: Տորթեր, ըստ հյուրերի քանակի, կարելի է ձեռք բերել սկսած 60 հազարից: Ամեն 10 հոգու դիմաց տորթի արժեքն ավելանում է 10-15 հազարով:

Շատերը մեկ օրվա համար այսքան գումար ծախսելու իմաստ չեն տեսնում և նախընտրում են փոքրիկ խնջույք, իսկ մնացած գումարով էլ մեկնում են գեղեցիկ ճանապարհորդության: Սակայն բոլոր դեպքերում, ինչ որոշում էլ կայացվի, կարևորն ամուր և երջանիկ ընտանիք ունենալն է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս