«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Ալբերտ Ղազարյանը: Բնականաբար, փոխմարզպետին փոխելու առաջարկն արել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի ներկայիս մարզպետ Արամ Հարությունյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Ղազարյանի հետ՝ պարզելու, թե որն է աշխատանքից ազատման պատճառը: Պարզվեց՝ Ղազարյանն իր ազատման մասին լուրը անակնկալ է իմացել: «Ես սովորականի նման առավոտյան գնացի աշխատանքի ու ասեցին, թե ազատված ես: Դե, բոլորն էլ հերթով գնում են: Մի տասը օր առաջ մեկ այլ աշխատակցի ազատեց: Հետո ազատեց օգնականին, խորհրդականին, վարչության պետին: Աստիճանաբար փոխում է բոլորին»,-հիասթափված նկարագրեց Ղազարյանը:
Նախկին փոխմարզպետից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ նեղացա՞ծ է Արամ Հարությունյանի այդ քայլից, ինչին ի պատասխան Ղազարյանն ասաց. «Գիտեք, այդպես չեն անում: Կան բաներ, որ անտեսել պետք չէ: Տարիներ շարունակ արել-դրել ես եւ հիմա… Այլ տարբերակներ էլ կան, որ կարելի էր կիրառել: Մարդուն պետք է ժամանակ եւ հնարավորություն տալ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։