Գալուստ Սահակյանի արած հայտարարությունը բուռն քննարկումների առարկա է դարձել. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է․ «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի Տավուշում արած հայտարարությունը, թե պետական բյուջեի միջոցներով շարունակելու են նոր թանկարժեք մեքենաներ գնել, և դա ոչ թե անձի համար է, այլ երկրի ամրության, բուռն քննարկումների առարկա է դարձել տարբեր հարթակներում: Ընդ որում, ասածն Աժ նախագահը պատճառաբանել էր նրանով, որ արտասահմանյան հյուրերին ընդունելիս մեքենաների պատվիրումն ավելի թանկ է նստում Աժ-ի վրա, քան Աժ-ի համար գնված մեքենաները:

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս լուրը Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն ուղղակի տարակուսանք հայտնեց: Դա նույն Խորհրդային Միության քաղաքականությունն է, սովետիզմը: Խորհրդային Միության հիմնական առանձնահատկությունն այն էր, որ համատարած ցուցամոլություն էր, ցույց էին տալիս, թե զարգացած ու առաջավոր երկիր ենք, իրականում մարդկանց աշխատավարձերը տասնապատիկ անգամ զիջում էին արտասահմանի նույն մասնագիտությամբ աշխատողների աշխատավարձերին: Նույնը տիեզերական հետազոտություններ կատարելիս: Յուրի Գագարինը թռավ տիեզերք, բայց դա արեցին, կոպիտ ասած, ժողովրդի բերանից կտրելու հաշվին, իբր տեսեք՝ աոաջինը մենք ենք տիեզերք թռել: Եվ ո՞ւր է դրա շարունակությունը… եվրոպական միջակ պետություններից էլ կարող եմ օրինակ բերել:

Եթե այսօր Բելգիան ցանկանա, կարող է իր ժողովրդին աղքատության մեջ պահել և տիեզերական խոշոր ծրագիր իրականացնել, բայց դա նորմալ երևույթ չէ Բելգիայի նման երկրի համար: Նույնն էլ ժամանակին անում էր Խորհրդային Միությունը, ինչը հիմա շարունակվում է Հայաստանում: Մինչև չազատվենք էդ հոգեբանությունից ու գաղափարախոսությունից, կուսակցական գերիշխանությունից, երբեք առաջ չենք գնա: Ցավոք, 25 տարի է՝ առաջընթաց չենք ունենում գաղափարախոսական և նման հարցերում, դրա համար էլ մյուս ոլորտներում ևս չենք զարգանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս