Ռուսաստանցի բնապահպան Սուրեն Գազարյանին 5 տարվա ազատազրկում է սպառնում նահանգապետի գույքին վնաս հասցնելու համար,-գրում է Известия-ն:
Երկուշաբթի Ռուսաստանի ՆԳՆ-ի քննչական վարչության Տուապսեի քննչական բաժնի քննիչը Գազարյանին հրավիրել է մեղադրական եզրակացությունը հանձնելու մի քրգործով, որը ռուսաստանյան ԶԼՄ-ները կնքել են “Տկաչովի ամառանոցի ցանկապատը փչացնելու” գործ: Չնայած Գազարյանի փաստաբանը կրկնակի փորձաքննության միջնորդություն էր ներկայացրել ուրբաթ, երկուշաբթի դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, որի համաձայն՝ բնապահպան Գազարյանը խուլիգանություն է արել, 119 հազար ռուբլու վնաս է պատճառել գույքին, ինչի համար նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում: 2011-ի նոյեմբերի 13-ին ակտիվիստներ Սուրեն Գազարյանն ու Եվգենի Վիտիշկոն Տուապսեի մերձակա էլիտար ամառանոցի տարածք էին մտել եւ դրա ցանկապատին գրել “Սա մեր անտառն է”, “Սա մեր հողն է”, “Գողերի կուսակցություն” եւ այլն: Բնապահպանների պնդմամբ, անտառին վնաս պատճառած ամառանոցը պատկանում է Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովին:
Մարտին նախագահ Մեդվեդեւը դատախազությանը հանձնարարել էր հատուկ զբաղվել Գազարյանի գործով: