Ս. Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ նախընտրական շտաբների ղեկավար կազմի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն  հանդիպում է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային եւ Երևանի տարածքային նախընտրական շտաբների ղեկավար կազմի և կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ: Այս մասին հաղորդում են ՀՀԿ մամուլի ծառայությունից: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը՝ ընդգծելով, որ ի տարբերություն ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն, որպես իշխանական կուսակցություն, համամասնական ընտրակարգով եւ մեծամասնական կարգով առաջադրված իր թեկնածուների քարոզարշավի կազմակերպմանը զուգահեռ, պետք է կարողանա լավ ընտրություններ անցկացնել, եւ դա նաև իր՝ երկրի նախագահի, նպատակն է: “Մեր՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներիս համար վիճակը երկակի է. մենք ցանկանում ենք շատ քվե ստանալ, բայց պատասխանատու ենք նաև նրանց համար, ովքեր եւս ցանկություն ունեն շատ քվե տանելու: Մենք պատասխանատու ենք եւ՛ մեր գործունեության համար, եւ՛ մեր դաշնակիցների, կոալիցիոն գործընկերների, նաեւ ընդդիմության գործունեության համար, որովհետեւ որեւէ մեկը տարբերություն չի դնելու, թե այդ խախտումներն ովքեր կատարեցին, ովքեր ստվեր գցեցին ընտրությունների վրա: Այդ ամենը վերագրվելու է Հայաստանին, եւ ես խնդրում եմ, որպեսզի սա անպայման հաշվի առնեք”,-ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀԿ նախագահը նշել է, որ Հանրապետական կուսակցությունն իր ուժերն ու հնարավորությունները մոբիլիզացնելու և նվիրումով ու լավ աշխատելու, օրենքի տառը պահպանելու դեպքում, վստահաբար, կարող է ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմել:Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին խնդրել է Հանրապետական կուսակցության բոլոր անդամներին, համախոհներին, բարեկամներին փոխանցել, որ աշխատեն այս տրամադրվածությամբ եւ նպատակադրումով, օրենքի շրջանակներում անեն ամեն հնարավորը մեր պետության և Հանրապետական կուսակցության համար լավ ընտրություններ անցկացնելու համար: Հանդիպման ավարտին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել կուսակցական ընկերներին: 




Լրահոս