«Ասում էր` սպանում են իրեն, ու հայհոյում բոլորին` թե՛ ազգին, թե՛ նախագահին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկուկես ժամ ուշացումով սկսվեց «Կանազի» գործով դատական քննությունը:

Նախագահողը հայտարարեց, որ ապացույցների հետազոտության փուլը շարունակվում է, և ցուցմունք տվեց ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող, ատամնաբուժական կաբինետի պետ, դիմածնոտային վիրաբույժ Արմեն Հովսեփյանը:

Վերջինս հայտնեց, որ դեպքի օրը հոսպիտալի հրամանատարը, փոխգնդապետ Սահակ Օհանյանը, բժիշկներ Հովհաննիսյանը, Լևոն Բալայանը և ինքը, իմանալով, որ հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում անկարգություն է տիրում, գնացել են այնտեղ:

«Ռազմիկ Մանուկյանը դիմավորեց հոսպիտալի պետին, հետո սկսվեց հրմշտոց, ու տեսա, որ Դավիթ Մարկոսյանը գոռալով, հայհոյանքներ տալով ուզում էր հարվածել հոսպիտալի պետին: Ես մոտեցա, որ խանգարեմ, Դավիթն ընկավ, հարվածեցի նրան, հրեցի պալատ:

Խուսափում էր հանգիստ մնալ, պատռեց վերնաշապիկս, նկատեցի Արշակին, ով պառկած էր ու գոռում էր: Հետո տեսա, որ Ռազմիկը փորձում էր կողապահարանով հարվածել հոսպիտալի պետին: Ռազմիկը հրահրեց մյուս հիվանդներին, ու նրանք էլ սկսեցին վարագույրները քաշքշել, անկարգություն անել: Հետո բղավեցինք, բոլորը կամաց-կամաց կարգի եկան:

Դուրս գալու ընթացքում հիվանդները հարձակվել էին բժիշկների վրա: Հետո Ռազմիկը սկսեց հայհոյել բոլորին` թե՛ ազգին, թե՛ նախագահին, ու ասում էր, որ իրեն սպանում են: Հետո հոգեբուժարանի հիվանդները սկսեցին ջարդել պատուհանները: Արշակը հարվածում էր դրսից, հիվանդները` ներսից:

Այդ պահին Ռազմիկը վեր կացավ, ու հայտարարեց. «Ով լավ տղա է, թող փախչի»: Հետո Դավիթ Մարկոսյանն էլ փախավ, եկան իրավապահները»,- պատմեց տուժողը և պատասխանելով մեղադրողի հարցերին՝ նշեց, որ սենյակից ահավոր ալկոհոլի հոտ էր գալիս: Դավիթ Մարկոսյանը բարձր հայհոյանքներով` ուղղված բժիշկներին, հարձակվում էր պետի` Սահակ Օհանյանի վրա:

«Հետո իրեն հրեցի սենյակ, ապա տեսադաշտիցս կորավ, ու դրանից հետո իրեն տեսել եմ դուռը ջարդելիս: Ես Դավիթ Մարկոսյանին միայն հրել եմ, հետո ձեռքերիցս դուրս պրծավ ու վայր ընկավ միջանցքում: Պալատում ագրեսիա էր դրսևորում, և հասկացա, որ խնդիրներ ունի, և ինձ զսպեցի: Քերծվածքներ եմ ստացել ոտքիս ու ձեռքիս վրա, բայց չեմ կարող հստակ ասել՝ անողը Դավիթն էր, թե Ռազմիկը»,- շարունակեց պատմել տուժող զինվորականը:

Պաշտպան Մարինե Թովմասյանը հարց ուղղեց, թե տուժողը այդ օրը տեսել է Դավիթ Մարկոսյանի դեմքին կապտուկներ կամ քերծվածքներ, տուժողը բացասական պատասխան տվեց, ապա ասաց, որ հնարավոր է Դավիթի մոտ քաշքշուկի հետևանքով առաջանային ինչ-ինչ վնասվածքներ:

Պաշտպան Թովմասյանը նկատեց, որ տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական  հակասություններ կան, և խնդրեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը:

Պաշտպանի պատճառաբանության համաձայն` նախաքննությանը տուժող բժիշկն ասել է, թե հարվածել է Դավիթ Մարկոսյանին և մի քանի անգամ ապտակել, իսկ դատարանում ասաց, թե չի ապտակել կամ հարվածել:

Հրապարակված նախաննական ցուցմունքից տեղեկացանք, որ տուժող Հովսեփյանն ասել է, թե ինքը մի քանի անգամ հարվածել է Դավիթին: Տուժողն ասաց, որ ինքն իր այդ ցուցմունքում նկատի է ունեցել ոչ թե Դավիթին, այլ` Ռազմիկին:

Պաշտպանը հայտարարեց, որ կարող է հրապարակել լուսանկարներ, որոնցում երևում է Դավիթ Մարկոսյանի` կապտուկներով և վնասվածքներով դեմքը:

Մեղադրողը հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքում տուժողն ասել է, որ Դավիթի չենթարկվելու հետևանքով ինքը հարվածել է նրան, արդեն պետք է համարել ամբողջական, և որևէ լուսանկար հրապարակելու անհրաժեշտություն չկա: Այս հայտարարությանը առարկեց պաշտպանը` նշելով, որ եթե նման հարվածներ իսկապես եղել են, քրեական հետապնդում չիրականացնելն արդեն իսկ օրինաչափ չէ:

Պաշտպանը միջնորդեց լուսանկարները կցել գործին:

Մեղադրողը միջնորդեց Գարեգին Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց հրամանատարության հսկողության հանձնելը փոխելու մասին: Պաշտպանը առարկեց` նշելով, որ ավելի ճիշտ կլինի խափանման միջոց ընդհանրապես վերացնել` ելնելով այն հանգամանքից, որ իր պաշտպանյալը այլևս զինվորական չէ:

Դատարանը գնաց խորհրդալցական սենյակ` որոշում կայացնելու:




Լրահոս