Հարուցվել է քրեական գործ հունիսի 29-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցում նախկինում դատված Արթենյանների կողմից ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության բաժնի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
Ս. Արթենյանը դեռևս 2011 թվականին, հոր և եղբայրների հետ դատապարտված լինելով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի մի խումբ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար, 2014թ. հունիսի 29-ին Վեդի քաղաքում հանդիպելով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ԱԳ բաժանմունքի պետ Գարիկ Խ.-ին, վրեժ լուծելու նպատակով տվել է հայհոյանքներ, մեքենայով առևանգել նրան, հետո ճանապարհին վթարի ենթարկվել:
Ինչպես armlur.am-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական էջից, այնուհետև Ս. Արթենյանին են միացել հայրը և 2 եղբայրները, ովքեր ևս բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին: Հասարակական կարգը փորձել է վերականգնել այդ պահին ճանապարհով ընթացող ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների բաժանմունքի օպերլիազոր Գրիգոր Ք-ն, ով ևս Արթենյանների կողմից ենթարկվել է բռնության: Նրան մի կերպ հաջողվել է փախչել դեպքի վայրից և կատարվածի մասին հայտնել ոստիկանության Արարատի բաժին:
Հայր և որդի Արթենյաններին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: