«Կանազի» զինհոսպիտալի բուժաշխատողնե՞րն են ալկոհոլի ազդեցության տակ եղել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Կանազի» գործով դատական քննությունը:

Մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց դատարանին` ամբաստանյալ Գարեգին Դանիելյանի խափանման միջոցը` հրամանատարության հսկողության հանձնելը, փոխարինել ստորագրությամբ չհեռանալուն, ինչին ի պատասխան՝ պաշտպան Գարիկ Մալխասյանն ասաց, որ իր պաշտպանյալն իրեն շատ լավ է դրսևորել, ուստի՝ խափանման միջոց պետք չէ կիրառել:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը հայտարարեց, որ որոշվել է մեղադրողի միջնորդությունը բավարարել:

Ապա ամբաստանյալ Դավիթ Մարկոսյանի պաշտպանը` Մարինե Թովմասյանը, միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ Արտակ Քեշիշյանը, ով նախաքննությանը հայտարարել է, որ տեսել է՝ ինչպես է սպիտակ խալաթով ինչ-որ մեկը ծեծում Դավիթին, ներգրավել գործում որպես վկա:

Պաշտպան Թովմասյանի միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց և հայտարարեց, որ սահմանված կարգով կհետազոտվեն ապացույցները:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 2-ին:

Լրագրողների հետ առանձնազրույցում Դավիթի մայրը` Աննան, հարց ուղղեց, թե ինչու դեպքի օրը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հոգեկան խանգարումներ ունեցող զինծառայողները չեն կարող ներգրավվել որպես մեղադրյալ, սակայն չանցած 1 օր` նրանք կալանավորվեցին:

Ամբաստանյալի մայրը վստահ է, որ հոգեկան խանգարումներ ունեցողների հետ զինհոսպիտալի բուժանձնակազմը ոչ պրոֆեսիոնալ և սխալ մոտեցում է ցուցաբերել:

Իսկ ամբաստանյալ Արշակ Թորոսյանի պաշտպան Գագիկ Նալբանդյանի գնահատմամբ` տուժողների նախաքննական և դատաքննական ցուցմունքներում լի են էական հակասությունները, ինչի մասին ինքը հետագայում դատարանում կհայտարարի:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս