Ժողովուրդն իրավունք ունի ինքնիշխանության. Արտակ Զեյնալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Ամերիկյան համալսարանում մեկնարկեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը: “Բանակն իրականում” քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված քննարկման հրավիրյալների ցանկում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հրավիրյալների ցանկում են նաև ներկայացուցիչներ Ազգային ժողովից, կառավարությունից, դատախազությունից, Սահմանադրական դատարանից, կուսակցություններից, ոչ կառավարական կազմակերպություններից, Մարտի 1-ի զոհերի հարազատները, Մարդու իրավունքների պաշտպանը, փորձագետներ և քաղաքացիներ: 
Առաջինը ելույթով հանդես եկավ փաստաբան Վահե Գրիգորյանը` վերլուծելով արտակարգ դրության պայմաններում զինված ուժերի ներգրավման սահմանադրականության հարցը: Նա ներկայացրեց իր մտահոգությունները՝ ասելով, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում Սահմանադրության մի շարք կարևոր կետերին, մասնավորապես՝ Սահմանադրության 8-րդ հոդվածի 2-րդ կետին և 55-րդ հոդվածի 11-րդ կետին: Նա տարօրինակ համարեց, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից հնչեցված մտահոգությունները որպես դրական կարծիք են ներկայացվում և խեղաթյուրվում: Ըստ նրա՝ զորակոչիկին սեփական ժողովրդի դեմ հանելը հանգեցնում է ռեպրեսիվ գաղափարների: “Զորակոչիկը մի նպատակով է զորակոչվում բանակ և օգտագործվում այլ նպատակով”,-նկատեց փաստաբանը` նման գործելաոճը համարելով նենգ, քանի որ զորակոչիկին կարող են դուրս բերել նաև ծնողների դեմ: Արտակարգ դրության պայմաններում զինված ուժերի օգտագործման պրակտիկան Հայաստանում ներկայացրեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա նկատեց, որ թեև Հայաստանում այդ պրակտիկան մեծ տարածում չունի, սակայն անդրադարձել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների վրա: Ըստ նրա՝ այս նախագիծը հաստատում է այն, որ 2008 թվականի մարտի 1-ին գոյություն չեն ունեցել արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերը: “Մեր Սահմանադրությունը նախատեսում է պաշտպանել մարդու սահմանադրական երաշխավորված իրավունքները: Մարտի 1-ին նախագահի հրամանագիրը փորձ է արվել վիճարկել դատարաններում, սակայն այդ ժամանակ հարցը վիճարկելի չէր: Հայ հասարակությունը գիտե՞ր, որ նման բան կարող էր լինել”,- վերլուծեց իրավապաշտպանը` հավելելով, որ նախագիծը նպատակ ունի իրավական ձևակերպում տալ բանակը քաղաքական նպատակներով օգտագործելուն, իշխանությունը բռնի կերպով պահելուն: Այնինչ Արտակ Զեյնալյանի դիտարկումներով՝ ժողովուրդն իրավունք ունի ինքնիշխանության, որը անօտարելի իրավունք է: 
Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացնելով օրինագծի վերլուծությունը և միջազգային լավագույն փորձը՝ անդրադարձավ 5 էական գործոնների: Դրանցից առաջինը իրավասությունների հարցն է: Ըստ նրա՝ ՀՀ նախագահը իրավունք ունի հայտարարել արտակարգ դրության մասին, բայց Հայաստանում դրա նկատմամբ վերահսկողություն գոյություն չունի: Նրա դիտարկումներով՝ օրինագիծը նաև անորոշ է: Զինվորական ստորաբաժանումները պետք է վերապատրաստություն անցնեն: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ վիճարկելի է նաև օրինագծի ընդունման ժամանակահատվածը, քանի որ ընտրությունների նախաշեմին ենք: Ըստ նրա՝ այս օրենքը ապագա նախագահին տալիս է մի շարք իրավասություններ: Նա նշեց, որ համաձայն միջազգային օրենքի՝ այս նախագիծն ընդունելի է, բայց միջազգային փորձում առկա են հավելյալ հստակեցումներ: Ռ. Կիրակոսյանն ասաց, որ ԱՄՆ-ում գոյություն ունեն ներքին ուժերի օգտագործումը Սահմանադրությամբ օգտագործելու իրավական սահմանումներ:Մի շարք ելույթներին հաջորդեց մասնակիցների և բանախոսների միջև հանրային քննարկումը:




Լրահոս