“Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ բացի ընտրությունների գործընթացից՝ ժողովրդին հետաքրքրում է նաև այն, թե արդյոք հնարավո՞ր է ընտրել մեկ այլ կյանք, ինչը սկզբունքորեն բաց է մնում, քանի որ այդ կյանքը կապված է ֆունդամենտալ արժեհամակարգի փոփոխման հետ: Սա, նրա խոսքով, ընտրությունների մասնակիցների կողմից չի արծարծվում, հիմնական խաղացողները արժեհամակարգային նույն դաշտում են: Ներկա քաղաքական ուժերի մոտ, Ա. Մանուչարյանի խոսքով, այսօր լուրջ ճեղքվածք է առաջացել, որը նախկինում չկար, և կուսակցությունների համաձայնագրի ստորագրումից հետո իրավիճակը փոխվել է, քանի որ արտաքին խաղացողների դաշտը փոփոխություն է ապրել։ Այդուհանդերձ, ըստ Ա. Մանուչարյանի, Հայաստանն այս համակարգով ամբողջովին կախվածության մեջ է դրսի հիմնական խաղացողներից՝ Արևմուտքից, որին փորձում է դիմակայել Ռուսաստանը, իսկ վերջինս ակնհայտորեն մասնակից չէ այս ընտրությունների գործընթացին: Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ ընտրությունների ամբողջ գործընթացը ենթադրաբար անցնում է Արևմուտքի կանխորոշված սցենարով, և այս սցենարի համաձայն՝ Հայաստանում սպասվում է նախ՝ համապատասխան ուժերի հաղթանակ, որից հետո՝ զարգացումներ մոտավորապես վրացական սցենարով: Թե ինչպիսի զարգացումներ են սպասվում՝ դժվար է կանխորոշել, և դրանով պայմանավորված՝ այդ ուժերում առկա է վախի մթնոլորտ: Դա ստուգելու համար Աշոտ Մանուչարյանը խորհուրդ տվեց չափել ծանոթ օլիգարխների, քաղաքական գործիչների զարկերակները, և ակնհայտ կդառնա, որ անհանգստություն կա երկու ճամբարներում էլ:
Ռուսաստանը ակնհայտորեն մասնակից չէ ընտրությունների գործընթացին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ