Եզդի կանանց փրկությունը իսլամիստների սնահավատությունն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում Հ/Կ նախագահ Ամո Շարոյանը, ով այսօր պետք է մեկնի Իրաք, Armlur.am-ին քիչ առաջ տեղեկացրեց, որ այնտեղ ցեղասպանության ենթարկվող իրենց ազգին, կարելի է ասել, օրեր առաջվա վտանգը չի սպառնում. վիճակը համեմատաբար հանգիստ է:

Ամո Շարոյանի փոխանցմամբ` Սիրիայի քրդերը չեն թողնում իսլամիստներին շարունակել նման ոճրի իրականացումը:

Հ/Կ նախագահը տեղեկացրեց նաև, որ այնտեղ հայտնաբերվել են ինքնասպան եղած իսլամիստների դիակներ, որոնց գրպաններում փոքրիկ բանալիներ են եղել:

Ըստ Շարոյանի` դա իսլամիստների պաշտամունքի բաղադրիչներից է. այդ կերպ նրանք դրախտ գնալու հնարավորություն կունենան:

«Ամենատարօրինակն այն է, որ իսլամիստները խուսափում են եզդուհիների կամ քրդուհիների հետ կռվի բռնվել, քանի որ վախենում են, որ իրենց կսպանեն: Իսկ իրենց պաշտամունքը քարոզում է, որ կնոջ կողմից սպանվածը դրախտ գնալ չի կարող: Երևի թե, դա նույնպես օգնում է մեր եզդուհիներին անվտանգության հարցում»,- տեղեկացրեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահը:

Հիշեցնենք, որ արդեն մոտ 15 օր է` «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) զինյալները գրավել են Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս տեղակայված Սինջարը՝ եզդիների գյուղը: Ծայրահեղականները սկսել են հաշվեհարդար տեսնել տեղաբնակների նկատմամբ. ահաբեկիչների ձեռքով սպանվել է արդեն 30 եզդի, ովքեր չեն ցանկացել իսլամ ընդունել:

Զինյալները զգուշացնում են, որ չենթարկվելու դեպքում մնացած բնակիչներին ևս նույն ճակատագիրն է սպասվում: Հաղորդվում է նաև մի քանի կանանց առևանգման ու եզդիների կրոնական սրբավայրերի ոչնչացման մասին:




Լրահոս