Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի բաճկոնները վերադարձրել են նախագահական գրադարանի մամլո ծառայության ղեկավար Լանա Գվինջիլիային: Իրերն ուղարկվել են նրա բնակության հասցեով. տեղեկացրել է երկրի ՆԳ նախարարությունը:
Նախօրեին նախագահական գրադարանի մամլո ծառայության ղեկավարը, նախկին նախագահի առաջադրանքով, կառավարության աշխատակազմին էր հանձնել պետական միջոցներով ձեռք բերված բաճկոններն ու քաշմիրե վերարկուն: Կից եղել է հետևյալ երկտողը. «Պարո՛ն Իվանիշվիլի: Վերադարձնում եմ սա ձեզ՝ սեփական հայեցողությամբ օգտագործելու համար»: Սակայն ընդունարանում իրերը չեն ընդունել, ինչից հետո Գվինջիլիան կանչել է պարեկային ոստիկաններին և փոխանցել նրանց Սաակաշվիլիի հագուստը:
Новости-Грузия-ի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության աշխատակիցները նախկին նախագահի հագուստը հանձնել են կորցրած իրերի բյուրո:
Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահին մեղադրել է այն բանում, որ նա բյուջետային միջոցներով ձեռք է բերել անձնական օգտագործման համար 8 կոստյում և քաշմիրից վերարկու: