Այս ընտրություններին պետք է մնան ձվերը, որոնք ՀՀԿ-ն ընտրություններից առաջ բաժանում էր. Ն. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱԿ-ի հանրահավաքի ելույթի ընթացքում “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ տեղի ոստիկանությունը հավաքը համարել է անօրինական, ինչը նախընտրական այս փուլում համարեց “ձեռք առնելիք”: 
“Քիչ առաջ ոստիկանական մեքենան ցույց տվեց, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը “Առա՛ջ, Հայաստան” ասելով: ՀԱԿ-ի որևէ հանդիպում չի եղել, որ չհամարվի ապօրինի: Սերժ Սարգսյան, ձեռ ես քեզ առել։ Ապօրինությո՞ւն եք ման գալիս, տեղն ասեմ: Քննեք, թե Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդը ոնց է թռցրել, Սաշիկը ոնց է միլիրադատեր դարձել”,- ասաց նա և ապա խորհուրդ տվեց մի ձեռնարկ հրապարակել, թե ինչպես կարելի է 5 տարում միլիարդատեր դառնալ, որը կօգնի Հայաստանին այս վիճակից դուրս գալ:Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընտրություններում ՀԱԿ-ը պետք է հաղթի: “Այս ընտրություններին պետք է մնան ձվերը, որոնք ՀՀԿ-ն ընտրություններից առաջ բաժանում էր: Մենք այս ընտրություներում պետք է հաղթենք, ժողովուրդը իր քվեով պետք է ազատագրվի քոչարյանասերժական կլանից”,- ասաց նա և ավելացրեց, որ իրենց հաղթանակը կլինի ժողովրդի հաղթանակը, քանի որ ՀԱԿ-ի համար այն ավելի կարևոր է: Ելույթի խոսք ասաց նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով հավատացրեց, որ իրենք գող չեն, հակառակ դեպքում կհայտնվեին ՀՀԿ ցուցակում: Նա խոսեց այն պնդումներից թե 90-ականներին իշխանությունները մազութ են գողացել: “Եթե գողացել են, դատեիք, ինչի՞ չդատեցիք”,- ասաց նա և եզրափակեց. “Մեզ ձայն տվե՛ք, իսկապես չեք փոշմանի”: Նշենք նաև, որ քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հավաքը անօրինական է և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության:”Այնուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել հավաքի անցկացմանը: Աջակցությունը տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ հավաքն ունի խաղաղ բնույթ և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները”,- մասնավորապես նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ: Միաժամանակ նշվում է, որ նախընտրական քարոզչության ժամանակ ևս հավաքների ազատությունն իրականացնելու և պաշտպանելու պայմաններն ու կարգը կարգավորվում է “Հավաքների ազատության մասին” ՀՀ օրենքով:




Լրահոս