Այսօր Կառավարության նիստում Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտնեց, որ Տավուշի սահմանամերձ շրջանի Պառավաքար – Վազաշեն շրջանցիկ նոր ճանապարհի կառուցման համար պետք է 55 մլն դրամ ավել ներդրում կատարել:
«Նախկին կապալառուի հետ պայմանագիրը խզվել է: Այժմ նոր պայմանագիր պետք է կնքվի: Լրացուցիչ աշխատանքներ պետք է կատարվեն այդ ճանապրահին: Կա նախագծողի եզրակացությունը՝ 55 մլն դրամ պետք է ավելացվի: Այս առումով լրացուցիչ հարց կա նաև քննարկելու Ֆինանսների նախարարության հետ»,-ասաց փոխնախարարը:
Ի պատասխանˋ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց.
«Դուք պետք է ձեր աշխատանքի ոճը փոխեք: Նախագիծը կա, մարդկանց պետք չի պարտադրել կառուցապատումը փոխել: Այդ գումարով կարող եք ավարտել: Ֆինանսական խնդիրներ չեն եղել, չէ՞»:
Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ չի եղել:
«Բա խի՞ եք ավելացնում գումար»,-վարչապետի այս հարցին Առաքելյանը պատասխանեց, որ նախագծային թերություններ են եղել պայթեցումների ժամանակ:
«Հիմա ու՞մ ենք համոզելու, որ լրացուցիչ խնդիրներ են առաջացել: Նախագծողը պատասխանատվություն չի՞ կրում»,- վրդովված հավելեց Հովիկ Աբրահամյանը, որից հետո, սակայն, հաստատեց առաջարկը: