
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեին հատկացնել 175 մլն դրամ:
Նախարարությունն այդ գումարը պետք է տրամադրի «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամին`՝ AREAL ծրագրի հետագա զարգացման և ինստիտուտի գիտական ենթակառուցվածքը միջազգային մակարդակ դուրս բերելու նպատակով: Այդ գումարը նախատեսվում է տրամադրել Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Սույն որոշման նախագիծը կառավարությունը հիմնավորում է՝ նկատի ունենալով «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի առաջին փուլի AREAL լազերով ղեկավարվող գծային արագացուցչի ռազմավարական նշանակությունը:
Նախագծով նշվում է, որ 175 մլն դրամը նախատեսվում է տրամադրել AREAL արագացուցչի էներգիան իր առավելագույն 20 ՄԷՎ հզորության հասցնելու, ինստիտուտի գիտաարտադրական բազան և հետազոտական լաբորատորիաները զարգացնելու նպատակով: