Ս.Սարգսյանի ելույթը նախընտրական հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկին, Էրեբունի համայնքի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ, նշեց, թե ինչ է արվել իշխող կուսակցության կողմից նախորդ 5 տարիներին և ինչ է արվելու ապագայում:”Ինչ արել ենք, ձեր աչքի առջև է, ո՛չ թերություններն ենք թաքցրել, ո՛չ էլ հաջողություններն ենք թմբկահարել: Շատ ենք աշխատել, քանի որ համարում ենք, որ իշխանությունը առաջին հերթին տքնաջան աշխատանք է և ոչ թե վայելք, և որպեսզի արդարացնենք ձեր վստահությունը, մենք աշխատել ենք”,- ասաց Սերժ Սարգսյանը: Երկրի նախագահը առաջին հերթին անդրադարձավ արտաքին քաղաքական ոլորտում իրականացվածին՝ նշելով, որ այս ոլորտում արված քայլերը եղել են կշռադատված ու նախաձեռնողական:
“Մենք միշտ քայլ ենք արել, և մեր նախաձեռնությունները եղել են ու կան նպատակային, և այդպես էլ շարունակելու ենք, և ավելի համարձակ ենք շարունակելու”, – ասաց Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա արվել է ,խղճովե և թշնամանքը բացառելու մտադրությամբ, ինչը նախագահն առանձնահատուկ կերպով կարևորեց: Սերժ Սարգսյանը խոստացավ, որ ընդդիմախոսությունը խրախուսելու և ազգի մեջ թշնամիներ չփնտրելու ավանդույթը շարունակվելու է: Ընդդիմությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, իշխանության զգոնության և աշխատանքի բարելավման գրավականն է, և այդպես էլ պետք է ընկալվի:”Ես չեմ ասում, թե որևէ քննադատություն ինձ դուր է գալիս, և ձեզ էլ դուր չի գալիս , որ քննադատում են, բայց քանի որ մենք իշխանություն ենք, պարտավոր ենք հանդուրժել”,-էրեբունի համայնքի բնակիչներին ասաց Սերժ Սարգսյանը:Նրա խոսքով, ամուր քայլեր արվել և արվում են իրավական պետություն կառուցելու ճանապարհին:”Մեր հավատի, մեր ուժի ներքո, նաև կուտակած փորձի ներքո ոչինչ չի դիմանա: Մի քանի տարի, և մենք կապահովենք լրիվ ուրիշ կենսամակարդակ՝ Հայաստանի քաղաքացու համար”: Անդրադառնալով տնտեսությանը՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանին հաջողվեց դիմակայել ճգնաժամի արհավիրքին՝մեր տնտեսությունը զերծ պահելով աղետալի հետևանքներից: Չնայած ըստ երկրի նախագահի՝ չհաջողվեց ապահովել այնպիսի տնտեսական աճ, որը շոշափելի կլինի բնակչության զգալի հատվածի համար:Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ եթե նախկինում այս ուղղությամբ շունչ քաշելու ժամանակ չեն ունեցել, բայց հիմա ունեն: “Հայաստանում ոչ ոք դրան պատրաստ չէ այնքան, որքան մենք, մենք փոխել ենք արդյունաբերության նկատմամբ մեր վերաբերմունքը”,- իշխող կուսակցության նախագահը Էրեբունու բնակիչների հետ խոսեց նաև մայրաքաղաքի բնապահպանական ու քաղաքաշինական խնդիրներից:Երկրի նախագահն այս իմաստով պատահական չհամարեց այն հանգամանքը, որ հավաքը Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ է:
“Մենք կանգնած ենք մի արձանի մոտ , որով մենք հպարտանում ենք, մենք հպարտանում ենք այն ամենով, ինչը ձևավորում է մեր Երևանի կերպարը”,- Սերժ Սարգսյանը խոստացավ, որ այսուհետ օրենքով բացառելու են Երևանի կենտրոնի որևէ կառուցապատում, եթե այն պատշաճ չէ Երևանի դիմագծին: “Մենք, սիրելի՛ էրեբունցիներ, կարիք չունենք միմյանց համոզելու, որ մեր երկիրը լավն է. մենք ասում ենք, որ մենք ունենք շատ խնդիրներ և շատ չլուծված հարցեր, բայց մենք ունենք տաղանդավոր ժողովուրդ, որ ցանկանում է ամեն ինչ անել՝ փոխելու համար”,-արձանագրեց երկրի նախագահը՝ նշելով, որ փոխելու շատ բան կա: 
Բայց այս հարցում կարևորը կամքն է և հավատը, որ կկարողանան փոխել:Ելույթի վերջում ՀՀ նախագահը Էրեբունու բնակիչներին խնդրեց, որ իրենց քվեն տան մեծամասնական ընտրակարգով առաջադրված Մհեր Սեդրակյանին:




Լրահոս