ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉՈՒ ՉԵՆ ԳՆԱՑԵԼ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հրավիրվել են նաեւ անհատ ազատամարտիկներ, ովքեր որեւէ կազմակերպության հետ առնչություն չունեն: Վերջիններս, սակայն, Ս. Օհանյանի հետ հանդիպմանը չեն գնացել: Մեր տեղեկություններով՝ հանդիպման հրավերը չընդունողների թվում են եղել «Արաբո» ջեկատի հարամանատար Մանվել Եղիազարյանն ու ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե որն էր հանդիպման նպատակը:
-Պարոն Ավետիսյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ազատամարտիկների, հասարակական կազմակերպությունների հետ: Խնդրում եմ ասեք, թե ո՞րն է եղել հանդիպման նպատակը, ի՞նչ հարցեր եք քննարկել նրանց հետ:
-Նախ ասեմ, որ այս լարված ժամանակահատվածում բոլոր հասարակական կառույցները, ովքեր հավատարմագրված են պաշտպանության նախարարությունում ու ովքեր հավատարմագրված չեն, բայց համագործակցում են մեզ հետ` ակտիվ աջակցություն էին հայտնել մեզ, նամանավանդ «Ազատամարտի վետերաններ» հկ-ն ու շատ հկ-ներ ցուցակներ էին ներկայացրել սահմաններ գնալու համար: Միաժամանակ էլ այդ լարված օրերին միասնականության կոչերը, իրենց բարի կամեցողությունը մեզ հուշեցին, որ պետք է այդ օրերից հետո մեր երախտագիտության, շնորհակալական խոսքը հայտնենք ՀԿ-ներին:
-Այսինքն, Սեյրան Օհանյա՞նն է նախաձեռնել ազատամարտիկների հետ հանդիպումը:
-Այո, պաշտպանության նախարարն էր ցանկություն հայտնել՝ նշելով, որ ուզում է հանդիպել հկ-ների, ազատամարտիկների հետ, որովհետեւ այդ լարված օրերի ընթացքում նրանք բազմաթիվ նամակներ հղեցին ՊՆ-ին` խնդրելով հանդիպում կազմակերպել հենց Սեյրան Օհանյանի հետ: Իսկ այդ լարված օրերին Սեյրան Օհանյանը չէր կարողանում հանդիպել նրանց հետ, դրա համար էլ նպատակահարմար գտավ այսպես լայնամասշտաբ հանդիպում կազմակերպել ու զրուցել բոլորի հետ: Շատ հկ-ներ հարցադրումներ էին անում, նամակներ էին ուղարկում ՊՆախարարին, որը ենթադրում էր անմիջապես հանդիպում նրանց հետ: Մենք նպատակահարմար գտանք այս հանդիպումը նման կերպ կազմակերպելը` միահամուռ ու ոչ թե առանձին-առանձին վերցրած:
-Բայց կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվել պաշտպանության նախարարի հետ, ի՞նչ հարցեր են բարձրացրել հկ-ները, ի՞նչն է այսօր անհանգստացնում ազատամարտիկներին:
-Նախ՝ պաշտպանության նախարարն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց բոլոր հասարակական կազմակերպություններին, երիտասարդ կառույցներին, որոնք ազատամարտի վետերաններ չէին, բայց այս տարիների ընթացքում համագործակցել են ՊՆ-ի հետ: Կոնկրետ որեւէ պայմանավորվածություն չի եղել ինչ-որ մեկի հետ, ուղղակի այդ մարդիկ առաջին իսկ օրերին իրենց հայրենասիրությամբ… մարդիկ ներկայացրել են ցուցակներ ու հայտարարել, որ իրենք չեն ցանկանում սպասել, այլ ուզում են գնալ սահման ու մեր զինվորների կողքին լինել: Բայց քանի որ ՊՆ-ն ի զորու էր միայնակ այդ խնդիրները լուծել, դրա կարիքը չզգացվեց, որպեսզի բոլոր այդ կառույցներին ներգրավվենք դիվերսիոն գործողությունները կանխելու, վնասազերծելու համար: Իսկ օգոստոսից, երբ անհրաժեշտություն եղավ ազատամարտիկներին ներգրավվել, մենք նրանց ներգրավվեցինք, որից հետո դիվերսիոն գործողությունները դադարեցին:
-Եղել են ազատամարտիկներ, ովքեր պաշտպանության նախարարի հետ հանդիպման չեն գնացել: Տեղյա՞կ եք, թե ինչու: Նեղացա՞ծ են Սեյրան Օհանյանից:
-Ես չէի ասի, որ նեղացած են, համենայնդեպս դահլիճը մոտ 400 հոգանոց էր, այնպիսի աուրա էր, այնպիսի ոգեւորություն էր, ծափողջույններով, իրենց բարի կամեցողությունը հայտնելու ցանկությամբ, բարի նպատակների մղումներով էր համակված հանդիպումը, եւ նման բան չէր երեւում: Իսկ նրանք, ովքեր չեն մասնակցել, ներկայացրել են իրենց բացակայության պատճառները: Եղիազարյան Մանվելը լրատվամիջոցներով մեծ վերլուծություններ է տալիս, բայց չէր եկել: Իսկ մարդիկ, ովքեր հարցեր ունեին, եկան ու իրենց հարցադրումներն արեցին Ս. Օհանյանին: Ու Պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն հայտնեց պլանների, առաջարկությունների հետ կապված հետագայում եւս հանդիպումներ ունենալ: Տեսեք, գոյություն ունի «Արաբո» ջոկատ, կա նաեւ «Արաբո» ջոկատ հասարակական կազմակերպություն ու հիմա Մանվել Եղիազարյանը պատճառաբանել է, թե եթե «Արաբո» ջոկատ հասարակական կազմակերպությանը հրավիրել եք, ես ինչի համար պետք է ներկայանամ: Մենք էլ ասեցինք՝ հիմա ինչ կապ ունի «Արաբո» ջոկատն այդ կառույցի հետ, կապ չունի: Երկու կառույց եք, երկուսդ էլ «Արաբո»-ի անունն եք կրում. մեկը կառույց է, իսկ մյուս ջոկատի հրամանատարն էլ դու ես ու այդ տարբերությունը մենք լավ ըմբռնում ու հասկանում ենք: Ու դու չպետք է պատճառներ որոնես խուսափելու համար: Ժիրայր Սէֆիլյանն էլ ներկայացնում է «Նախախորհրդարան»-ը, ինքն ասաց, որ երկրում չէ, բայց իր տղաներից 5 հոգին եկել մասնակցել են:
Հ.Գ.«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի եւ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ, սակայն նրանց հեռախոսները ողջ օրվա ընթացքում անջատված էին:

 
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԵՆ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի շարք պաշտոնյաներ` ՀՀ-ից ու Արցախից, ովքեր Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ ունեն, պարզել են, որ իրենց բնակարանները ներկայում գրավադրված են բանկում: Նրանք հայտնվել են անելանելի վիճակում, իսկ նրանց բնակարանները գրավադրած կառուցապատող ընկերության ղեկավար Համլետ Ամիրխանյանն էլ ամեն անգամ «տուժածներին» վստահեցնում է, որ հարցը շատ շուտով լուծում կստանա, ինչը, սակայն, մնում է «օդում» կախված:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Համլետ Ամիրխանյանի շինարարական ընկերությունը շուրջ երկու տարի է` հայտնվել է ֆինանսական դժվարին դրության մեջ: Միաժամանակ մի քանի հսկայական կառույցներ նախաձեռնած Ամրիխանյանին ոչ մի կերպ չի հաջողվում ֆինանսական ռեսուրսներ գտնել` իր կիսակառույցներն ավարտին հասցնելու համար։ Ստիպված` նա գրավադրել է ոչ միայն իր սեփականությունը հանդիսացող գույքը, այլեւ իր կառուցած շենքի այն բնակարանները, որոնց համար սեփականատերերը վճարել են: Մենք դեռ երկու տարի առաջ էինք գրել, որ նրա եղբայրը` Լեւոն Ամիրխանյանը, եւս շինարարական ընկերություն ունի` «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն, որն էլ իր աշխատողների աշխատավարձերն ամիսներով չի վճարում: Մասնավորապես` 2012 թվականի մեր հրապարակման մեջ նշել էինք, որ Լ. Ամիրխանյանը Խանջյան փողոցում կառուցվող շենքի բանվորներին շուրջ 4 ամիս աշխատավարձ չէր վճարել:
Իսկ ինչ վերաբերում է Համլետ Ամիրխանյանի կառուցած Սայաթ-Նովա 40 շենքին, ապա բազմաթիվ մարդիկ, ովքեր բնակարաններ են գնել այդ շենքում, տարիներ անց պարզել են, որ իրենք չեն իրենց բնակարանների սեփականատերերը, քանզի Ամրիխանյանն իրենց սեփականության վկայականները գրավադրել է բանկում:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «խաբվողների» թվում են նաեւ ՀՀ ոստիկանության նախկին պետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը եւ ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում Հ. Ամիրխանյանին «համոզել» վերադարձնել իրենց սեփականությունը: Ի դեպ, UCOM ընկերության գլխավոր մասնաշենքը եւս «տուժածների» ցանկում է:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ոստիկանության նախկին պետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի հետ, ով էլ ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի: Մեր զրուցակիցը նշեց, որ այդ հասցեում իր դուստրն ու փեսան են բնակվում. «Նման խնդիր չկա, ու չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը»: ԼՂՀ ՊԲ ղեկավար Մովսես Հակոբյանն էլ հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքն ու հավաստիացրեց, որ ինքն այդ շենքում որեւէ բնակարան չունի:
Իսկ ինքը` Համլետ Ամիրխանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե այդ հարցը 15 օրվա ընթացքում կլուծեն. «Ժամանակավոր խնդիր է, լուծում ենք, հեսա իրենց վկայականները տալիս ենք, շինարարությունը որ սկսել ենք, հողը, որի վրա կառուցել ենք, բանկի տակ էր, հիմա մի մասը մնացել է բանկի տակ, հիմա պետք է տանք»:
«Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ Հ. Ամիրխանյանը, ով Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարակից տարածքում հսկայական հյուրանոցային համալիր էր կառուցում, ստիպված է եղել այն կիսակառույց վիճակում վաճառքի հանել, որպեսզի կարողանա Սայաթ-Նովա 40 հասցեում առաջացած խնդիրը լուծել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔՈՎ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը` Կարեն Կոստանյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետն է, աշխատանքի գնալիս պարբերաբար հայտնվում է արտառոց իրավիճակում: Պարզվում է՝ գլխավոր դատախազի եղբայրը սովորություն ունի նախարարության շենք գնալ այն մուտքով, որտեղով մտնում են ՀՀ առողջապահության նախարարն ու փոխնախարարները: Շենքը հսկող անվտանգության աշխատակիցները թեեւ բազմիցս Կարեն Կոստանյանին բացատրել են, որ այդ մուտքով չի կարելի շենք մտնել, սակայն Կոստանյանը չի ընդունում այդ փաստը: Նա հայտարարում է, թե ինքը Գ. Կոստանյանի եղբայրն է, որից հետո անվտանգության աշխատակիցները, «բնականաբար» ստիպված են լինում ներս թողնել նրան: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Կարեն Կոստանյանից պարզել, թե ինչո՞ւ է իրեն արտոնյալի պես պահում, սակայն վերջինս տպավորություն թողեց, թե առաջին անգամ է նման տեղեկություն լսում:

 

«ՀԱ, ԳՐԵԼ ԵՄ, Ի՞ՆՉ»
Թեեւ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հակահայկական հայտարարություն է անում, թե Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար այն պետք է միացնել Ռուսաստանին, այնուամենայնիվ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցում աջակցելու համար նամակ է գրել նույն Ժիրինովսկուն:
-Պարոն Մանուկյան, Հայաստանում կարծիք կա, որ Դուք ավելի մեծ հնարավորություններ ունեք: Ինչո՞ւ եք հենց Ժիրինովսկուն դիմել, որը հայերի մասին պարբերաբար, մեղմ ասած, շատ վատ է արտահայտվում:
-Ժիրինովսկին շատ դեպքերում նաեւ շատ լավ բաներ է ասել հայերի մասին: Հիմա կասեմ՝ հա, գրել եմ, ի՞նչ: Կրկնում եմ, որ ինքը շատ նորմալ բան էլ է արել հայերի հետ կապված, դրա համար գրել եմ:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք մի մարդուց, ով մեկ հայտարարում է, թե ադրբեջանցի ազգություն չկա, իսկ ավելի ուշ հպարտանում այդ երկրի ձեռքբերումներով: Բա որ ադրբեջանցիները շահարկեն Լեւոն Հայրապետյանի գործին Ժիրինովսկու խառնվելու փաստը:
-Եթե սպասելիքներ չունենայի՝ չէի գրի:
-Ի վերջո, Դուք եղել եք ՀՀ պաշտպանության առաջին նախարարը, չէի՞ք կարող ուղիղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմել: Զորի Բալայանը կարող էր, Դուք ո՞չ:
-Տու, Տու:
Այստեղ Վազգեն Մանուկյանն անջատեց հեռախոսը: Անկեղծորեն պետք է խոստովանել, որ մենք Վ. Մանուկյանի մասին առավել բարձր կարծիք ունեինք:

 




Լրահոս