ԱՄԵՆ ՏԱՐԻ ԶՈՀԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՆՈՒՄ
Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, հայտարարություններին, որ անհրաժեշտ է խուսափել անծանոթ ջրանցքներում լողալուց կամ պետք չէ հատել Սեւանա լճում առկա կարմիր գծանշումներով գնդակները, այնուամենայնիվ, մեր շատ հայրենակիցներ, չդիմանալով գայթակղությանը, կամ առավել ինքնավստահություն ցուցաբերելով, դժբախտ պատահարի զոհ են դառնում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում հանրապետությունում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների կողմից իրականացրած գործողությունների ընթացքում արհեստական եւ բնական ծագման ջրային ավազաններում ջրահեղձվել է 5 մարդ, իսկ 2-ը՝ վիավորվել: Իհարկե այս թիվը փոքր է՝ համեմատած նախորդ տարվան, քանի որ 2013թ. նույն ժամանակահատվածում մահացել էր 13-ը, վիրավորվել` 4-ը: Բայց նույնիսկ այս ցուցանիշները ոգեւորիչ չեն, քանի որ, ի վերջո, ամեն տարի զոհեր ենք ունենում, որից, անշուշտ, կարելի է խուսափել:
Սակայն մեր հայրենակիցները շարունակում են տրվել կովկասյան տաքարյունությանը եւ չեն հետեւում ջրում լողալու ամենատարրական կանոններին, այն է՝ հարբած չի կարելի ջուրը մտնել, եւ երկրորդ՝ եթե պրոֆեսիոնալ լողորդ չես, ուրեմն բացարձակապես պետք չէ լողալ շատ հեռու:
Օգոստոսի 16-ին Արմավիրի մարզի Արգինա համայնքից դեպի Քարակերտ գյուղ հոսող ջրանցքում հայտնաբերվել էր Քարակերտ գյուղի 22-ամյա բնակիչ Ռուդիկի դին: Ըստ Քարակերտ համայնքի ղեկավար Մհեր Հարթենյանի, Ռուդիկը աշխատում էր ՀՀ ոստիկանության ներքին զորքերում: Գյուղապետի պատմելով, տղային փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն չեն կարողացել փրկել. «Չեմ կարող ասել քեֆի են եղել, թե ոչ, բայց այդ տղան ընկերների հետ է եղել ու ընկերները՝ նկատելով, որ Ռուդիկը խեղդվում է, շտապ զանգահարել են ինձ: Այդ ջրանցքը վտանգավոր տեղ է ու ամեն տարի մի դեպք լինում է: Անցած տարին էլ մի հոգի խեղդվեց: Այդ երկար գետի վրա չենք կարող ցանկապատ դնել: Միայն զգուշացնում ենք, որ մարդիկ չգնան: Բայց մեկ է՝ գնում են ու այսպիսի դեպք է լինում: Շատ խելոք տղա էր, մի քանի ամիս էր, ինչ բանակից եկել էր»:
Գյուղապետի պատմելով, տղայի ընտանիքը տուժած ընտանիք է, քանի որ նրանց գերդաստանում սա միակ դժբախտությունը չէ, որ եղել է. «Երկու տարի առաջ Ռուդիկի մորաքրոջ որդին Սասունիկ գյուղում այդ բախտով գնաց, պապիկը ոտքից հաշմանդամ է: Նրանց ընտանիքը հնար չունի, գնացել եմ իրենց տուն, գումար եմ տվել, որ գոնե կարողանան տղայի հոգեհանգստի հետ կապված մի հոգս հոգան: Ինչ ասեմ, շատ ցավալի դեպք է»:
Իսկ ջրահեղձության ամենաշատ դեպքերը լինում են մեր սիրելի Սեւանա լճում: Օգոստոսի 11-ին Սեւանում ջրահեղձ էր եղել Ծովակ գյուղի բնակիչ 27-ամյա Արկադի Վարդանյանը: Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանն ասել էր, որ Արկադին ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, քանի որ խմիչքի հետ սեր չուներ. «Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաք պետք է մեկներ, սակայն օդանավակայանից նրա տոմսերը վերադարձրել էին` պատճառաբանելով, թե թռիչքը երկու օր անց պետք է լինի: Տղան էլ մասնակցել էր եղբոր ծննդյան արարողությանը «Կարճաղբյուրի» մոտ գտնվող լողափում եւ ջրահեղձ եղել»:
Երեկ էլ՝ օգոստոսի 18-ին, Գեղարքունիքի մարզի Սեւանա թերակղզու մերձակայքում ջրահեղձվել էր 65-ամյա մի տղամարդ:
Ստեղծված իրավիճակի հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանի հետ: Ինչո՞ւ են մարդիկ խեղդվում ջրում: Մեր այս հարցին ի պատասխան՝ Գալստյանն ասաց. «Դե, մարդիկ հիմնականում նախազգուշացումներին չեն հետեւում ու փորձանքի մեջ են ընկնում»: Բացի այդ, ըստ ԱԻՆ պաշտոնյայի, շատ դեպքերում մարդիկ ջրում ինֆարկտ են ստանում եւ մահանում են: «Երբ մարդ սրտի պրոբլեմ է ունենում, մի քիչ էլ ալկոհոլ է օգտագործում, սրտի անոթները նեղանում են ու երբ մտնում է ջուրը, նման դժբախտ դեպքեր են լինում: Սակայն պետք է նշեմ, որ այս տարի դեպքերի նվազում է նկատվում»,-պարզաբանեց Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
Տավուշի մարզի Չորաթան համայնքում ամեն տարի այս շրջանում սկսվում է խաղողի բերքահավաքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տավուշցիներից շատերը հայտնեցին, որ վերջին շաբաթներին սահմանում լարված իրավիճակի հետեւանքով հիմնականում տղամարդիկ են խաղողի մշակմամբ զբաղվել, սակայն երբ սկսվի բերքահավաքը կանայք նույնպես տղամարդկանց օգնության ձեռք են մեկնելու: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը բացատրեց, որ բերքահավաքը սկսելու օրերին իրենք՝ տղամարդիկ, կտեսնեն սահմանում իրավիճակը հանգիստ է, թե ոչ, նոր կորոշեն կանանց թույլատրե՞ն մասնակցել բերքահավաքին, թե` ոչ. «Բայց, անկախ ամեն ինչից, մենք՝ տղամարդիկով, ինչ գնով էլ լինի, մեր բերքը հավաքելու ենք, դա հաստատ եմ ասում: Կրակեն-չկրակեն»:
ՉԻ ԼՌԻ
Ստեփանավանցի քրեական հեղինակություն համարվող Արա Հախվերդյանի` Արիչոկի սպանության մեջ մեղադրված ու բոլորովին վերջերս արդարացված 26-ամյա Արեն Հարությունյանն արդեն 44 օր է, ինչ անհետացել է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երիտասարդի մայրը՝ տիկին Սուսաննան, ասաց, որ մինչ օրս իր որդու հեռախոսային խոսակցությունները չեն ուսումնասիրել. «Չգիտեմ, թե ինչ է կատարվում, չեն գտնում տղայիս: Օրերս Ստեփանավանի բնակիչներից մեկը Նոյեմբերյանի ոսկու խանութից գողություն էր արել ու մտածում էի՝ կարող է՝ տղաս է: Այ էդքան վատ բաներ էլ եմ մտածում: Չգիտեմ արդեն: Ամեն օր նստած սպասում եմ՝ մենակ թե ողջ- առողջ հայտնաբերվի տղես»:
Տիկին Սուսաննան պատմեց, որ որդու անհետացման ահազանգով դիմել է Լոռու մարզի դատախազին. «Ես չեմ լռելու, մինչեւ Երեւան հասնելու եմ, որ բողոքս լսեն ու որդուս գտնեն, սա ինչ բան է, տղես չկա»:
ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
Օգոստոսի 7-ին «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» շտաբի կողմից կազմակերպված երթի մասնակիցները նամակով դիմել էին Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին: Մինչ օրս, սակայն, որեւէ պատասխան չի ստացվել. «Սրա կարիքը երեւի թե չլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն քար լռության չմատներ Հայրապետյանի հետ կատարվածը, կարծես ոչինչ էլ չի եղել: Սակայն հայ հասարակությունը լռելու իրավունք չունի, գոնե այն պատճառով, որ այդ մարդը ծանր հիվանդ է ու չի կարող գտնվել մեկուսարանի պայմաններում. վերջիվերջո դա անմարդկային է… Պարոն Վոլինկինը պարտավոր է արձագանքել այդ նամակին, որպեսզի հետո՝ ինչպես վերջերս, ռուս-հայկական հարաբերությունների մեջ սեպ խրող ման չգա»,-նշված է շտաբի երեկ տարածած հայտարարությունում:
ԲԼԹ
«Դա նորից պետության ամրության համար է, որեւէ անձի համար չէ, վաղը մյուս օրը կարող է՝ մեկ ուրիշ մարդ այդ մեքենան նստի»:
Գալուստ Սահակյան ԳԱԼԱ
Ահա թե ինչպես է արդարանում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ում հրահանգով պետական միջոցներից 33 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենա է գնել ՀՀ Ազգային ժողովը: Հետաքրքիր է՝ այդ մեկ ուրիշ պաշտոնյան կամ անձը չե՞ն կարող այլ հարմարավետ ավտոմեքենայով կազմակերպել իրենց երթեւեկությունը: Թե՞ նրանք բացառապես պետք է 33 մլն դրամանոց ավտոմեքենա վայելեն. ոչինչ, որ մեր երկրի բնակչության 32 տոկոսն աղքատ է: Բացի այդ՝ մի շատ կարեւոր հարց է առաջ գալիս. այդ երբվանի՞ց Գալուստ Սահակյան անձնավորությունը դարձավ պետություն: Իմանանք, էլի:
«Գոնե այս հարցում պետք չէ անտեղի շահարկել… Թշնամու դեմ կռվելը միայն զինվորի խնդիրը չէ: Մեզանից յուրաքանչյուրն իր կռիվը պետք է տա՝ մեր ձեւով»:
Ռուզաննա Մուրադյան «Առավոտ»
ՀՀԿ-ական պատգամավորը դժգոհում է, թե ինչու է լրատվամիջոցներում շահարկվում կին պատգամավորների՝ զինվորական համազգեստով նկարվելու եւ այդ լուսանկարները համացանցում տարածելու փաստը: Այո, կարելի է համաձայնել, որ յուրաքանչյուրը հանուն հայրենիքի պետք է իր կռիվը տա: Բայց դա չի ենթադրում, որ տիկնայք պետք է զինվորական համազգեստով նկարվեն ու սոցցանցերում տարածեն իրենց ֆոտոսեսիան: Դա արդեն ոչ թե հայրենասիրություն է, այլ ինքնագովազդ: Իրական հայրենասերը գնում եւ կռվում է առանց իրեն գովազդելու, կամ էլ տեղում բարեխղճորեն կատարում իրենից ակնկալվող աշխատանքը:
«Եթե պատժամիջոցները վնասեն Հայաստանին, կարող եք բողոքել Մոսկվային»:
Ջոն Հեֆերն Armlur.am
Բայց Հայաստանում ԱՄՆ դեսպանը կարծես թե մոռանում է, որ այդ պատժամիջոցները սահմանել է ԱՄՆ-ն, այլ ոչ թե Ռուսաստանը, եւ եթե դրանք կվնասեն Հայաստանին, դա միմիայն ԱՄՆ-ի խնդիրն է, որը պատժամիջոցներ սահմանելուց առաջ պարտավոր էր հաշվի առնել հնարավոր բոլոր հետեւանքները՝ բարեկամ երկրների համար: Սակայն ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը ցինիզմի դրսեւորումով հայտարարում է, թե Ռուսաստանի Դաշնությանը բողոքեք: Այսինքն՝ իրենք ինչ կուզեն՝ կանեն ու չեն պատրաստվում արածի համար պատասխանատվություն կրել: Հրաշալի բարքեր են, այնպես չէ՞:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ