ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՏԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Համահայկական բնապահպանական ճակատի անդամների կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզում գործող հէկ-երի սխալ շահագործման հետեւանքով մարզի գետերի էկոհամակարգը վերացման եզրին է: Համահայկական բնապահպանական ճակատի անդամները տեւական ժամանակ է, ինչ ահազանգում են, որ հէկ-երը լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի գետային էկոհամակարգերի համար: Սակայն այդ ահազանգերին ՀՀ կառավարությունն ականջալուր չի լինում. հակառակը՝ հէկ-երի քանակն օր օրի ավելանում է:

ՀԲՃ համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով հէկ -երի պատճառով գետերին հասցվող վտանգի մասին ասաց. «Արդեն երկու ամիս է, ինչ անձնական ջանքերով մենք մոնիթորինգ ենք անցկացնում հէկ-երում: Գնում ենք պատահական լուսանկարում ու դրանց միջոցով ցույց տալիս բոլոր իրավախախտումները: Իսկ մինչ այդ, մեր առաջարկները համալիր ներկայացրել ենք ՀՀ կառավարությանը, բայց ռեալ ոչ մի ընթացք չի տրվում այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Հիմա մենք փաստերով ենք ցույց տալիս, թե ինչ է կատարվում Հայաստանի գետերում»:
Լեւոն Գալստյանի պատմելով՝ ՀԲՃ-ի վերջին պատահական այցը եղել է Տավուշի մարզ, նրանք եղել են ընդամենը երեք հէկ-երում եւ երեքում էլ ակնհայտ խախտումներ են արձանագրել:
Մասնավորապես` Տավուշի մարզում Ճակատի անդամներն արձանագրել են հետեւյալ խախտումները. հիմնականում բացակայել է էկոլոգիական թողքը, ջրաչափական սարքերը տեղադրված չեն եղել, որպեսզի հնարավոր լիներ դրանցով պարզել, թե որքան ջուր է անցնում գետով: Բացի այդ, բացակայել են ջրի հոսքն ավտոմատ կառավարող համակարգերը, իսկ ձկնուղիներն իրենցից անիմաստ բետոնյա կառույցներ են ներկայացրել, որոնց միջով ձկներն ուղղակի չեն կարող անցնել, էլ չասած` դրանք ամբողջովին չոր են եղել:
Մասնագետի պնդմամբ` իրենց այցելության պահին Աղստեւ գետի Պաղջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ձկնուղին ընդհանրապես չոր էր, իսկ էկոլոգիական թողքն այնքան փոքր, որ գետը գրեթե չորացել էր: Բացի այդ, նույն գետի վրա «Քարեվարդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ձկնուղին նույնպես ընդհանրապես չոր էր: Ինչի համար էլ ահնհար է եղել պարզել էկոլոգիական թողքի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման թույլտվության պայմաններին:
Իսկ Աղստեւ գետի Գետիկ վտակի վրա «Էյէնդիջի Սթայլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Գետիկ ՓՀԷԿ-4»-ի ջրընդունիչ կայանի ձկնուղով չնայած ջուր անցել է, սակայն այն վերեւի մասում փակված է եղել փայտի մեծ կտորով՝ ինչը ձկների տեղաշարժը երկու ուղղություններով էլ անհնար է դարձրել: Այստեղ նույնպես հնարավոր չի եղել պարզել էկոլոգիական թողքի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման պայմաններին:
«Մենք բազմաթիվ հէկ-երում ենք եղել, սակայն այս ընթացքում դեռեւս ոչ մի հէկ-ում չենք տեսել, որ ամեն ինչը լինի գործող կարգի համաձայն: Պետք է հստակ ու կտրուկ փոփոխություններ կատարվեն այս ոլորտում: Հեկ-երը լրջագույն չարիք են դարձել գետերի էկոհամակարգի համար: Հայաստանի բոլոր վայրերում էլ գետերի էկոհամակարգը սարսափելի վիճակում է գտնվում»,- արձանագրեց բնապահպանը:
Ի դեպ, ՀԲՃ-ն իր կողմից արձանագրված բոլոր խախտումներն ու դրանք փաստող լուսանկարներն ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել եւ հանրությանը տեղեկացնել դրանց արդյունքների վերաբերյալ:
«Սակայն դեռ պատասխան չկա: Մենք գտնում ենք, որ նախարարությունը պետք է շատ ավելի լուրջ մոտենա այս հարցին: Հակառակ դեպքում մենք հետագայում կբախվենք շատ ավելի լուրջ խնդիրների՝ ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական առումներով»,- մտահոգվեց ակտիվիստ բնապահպանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՄԱՐԶԵՐ

ԿՈՂՈՊՈՒՏ` ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ
Օգոստոսի 13-ին ավազակային հարձակում է կատարվել Նոյեմբերյանի Երեւանյան փողոցում գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա: Դրան հարակից բանջարեղենի ու մրգերի վաճառակետում աշխատող Կարեն Հարությունյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքն աղմուկ եւ օգնության աղաղակ է լսել եւ շտապել ոսկու սրահ: Նա տեսել է նիհարակազմ երիտասարդի, ով որսորդական մեծ դաշույնով սպառնացել է ոսկու սրահի երիտասարդ վաճառողուհուն: Տեսնելով Կարենին` ավազակը փախուստի է դիմել: Կարենը հետապնդել է նրան եւ բռնել ոսկու սրահից մոտ 80 մետր հեռավորության վրա գտնվող Նոյեմբերյանի նախկին կենցաղի տան հարակից այգում: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներն արդեն շրջապատել էին այդ տարածքը: Մեր տեղեկություններով՝ ավազակային հարձակում կատարածն ազգությամբ եզդի է: Ոսկու խանութի կողոպուտի փորձի ժամանակ նա հանցակից է ունեցել: Կ. Հարությունյանի վկայությամբ՝ երբ երիտասարդը մտել է ոսկու խանութ, մեկ ուրիշը հետեւից հրել-փակել է խանութի դուռը: Ենթադրյալ հանցակիցը դեռեւս ձերբակալված չէ: Տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով («Ավազակությունը, որը կատարվել է խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, զենքի կամ որպես զենք գործադրվող այլ առարկաների գործադրմամբ»):

 

ԵՐԿՈՒ ԿՈՂՄՆ ԷԼ ԿՊԱՏԺՎԵՆ
2014թ. ապրիլի 1-ին Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ Գետահովտի բնակիչ Աշոտ Այդինյանի կողմից համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին սպանելու փորձ կատարելու եւ ապօրինաբար զենք պահելու համար ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Այդինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ամիսներ անց քրեական գործի վարույթն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Վերջինս օգոստոսի 2-ին հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Իջեւանատուն» համալիրի մոտ փոխհրաձգության ժամանակ Ա. Խոջումյանը կյանքից զրկելու դիտավորությամբ «Սայգա» տեսակի կարաբինով կրակոցներ է արձակել Աշոտ Այդինյանի եւ Արսեն Չ.-ի վրա: Հարուցված քրեական գործի շրջանակներում Ա.Խոջումյանը կալանավորված է: Որոշվել է միացնել վերոհիշյալ երկու քրեական գործերը եւ նախաքննությունն իրականացնել մեկ վարույթում: Իրավապահներից տեղեկացանք, որ Ա. Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասով («Սպանության փորձ»): Այս հոդվածը նախատեսում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամսով կալանավորումը: Հավելենք, որ Ա. Խոջումյանը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մտերիմներից է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ԼՈՒՐԵՐ

ՏՆԱՆԿԸ` ԱՆՎԱՉՄՈՒՇԿՆԵՐԻ ՎՐԱ
Մաշտոցի պուրակում մի խումբ երիտասարդներ եւ մեծահասակներ դրամահավաք են իրականացնում Երեւան քաղաքի կոլորիտը զարդարող անվաչմշկորդ Լեւոն Աբգարյանին օգնելու համար, որպեսզի նա չկորցնի հայրական օջախը: Պուրակում գտնվող դաշնամուրի վրա Լեւոնը ներկայացնում է իր գրած Հայաստանի Հանրապետության հիմնը: «Շատերդ եք տեսել ինձ Երեւանի փողոցներում ականջակալներով սլանալիս: Այս պահին ես հայտնվել եմ մի բարդ իրավիճակում. մի քանի տարի առաջ իմ բնակարանը հիփոթեքային վարկ վերցնելու դիմաց գրավադրեցի եւ բանկի փոխանցած ողջ գումարը, այն է՝ 70.000 ԱՄՆ դոլար, տվեցի բարեկամիս՝ պայմանով, որ պետք է վերադարձներ: Այդ մարդը, սակայն, չարաշահելով իմ վստահությունը, վճարել է բանկին մի որոշ գումար եւ անհետացել: Բանկը հետագայում՝ 2014 թվականի մայիսից աճուրդի է դրել իմ բնակարանը եւ ամեն վայրկյան կարող է վաճառել նախնական 40.000 ԱՄՆ դոլար գնով: Քանի որ սա նախնական գինն է, անհրաժեշտ կլինի եւս 10.000 ԱՄՆ դոլար՝ տունը վերջնական գնելու համար: Ես ձեր օգնության կարիքն ունեմ, որպեսզի չհայտնվեմ փողոցում»,- պուրակում կազմակերպված դրամահավաքի ընթացքում նշեց Լեւոնը:

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԻՆ
Ազգային ժողովի 6 խմբակցություններն առաջիկայում պատրաստվում են կառավարությանը ներկայացնել միասնական ծրագիր, որով որոշակի արտոնություններ կտրվեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Այս մասին երեկ հայտնել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ խմբակցությունների Տավուշ կատարած այցին:
«Մեր նպատակն էր այցելել դիրքեր, տեսնել՝ ինչ է կատարվում եւ նաեւ հանդիպումներ ունենալ համայնքներում: Իսկապես անհրաժեշտ այցելություն էր, որովհետեւ բավականին ոգեւորվածություն կա զինվորների մոտ: Մեր դիրքերը եւ լավ պաշտպանված են, եւ զինվորներն են քաջ գիտակցում իրենց պատասխանատվությունը եւ շատ վստահ են կանգնած իրենց դիրքերում»:
Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն իսկապես ապրում են ծանր պայմաններում եւ որոշակի արտոնություններ պետք է ունենան, քանի որ նույն զինվորի դերն են կատարում. «Ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի պետությունից: Հետեւաբար, բավականին շատ առաջարկություններ եղան, որոնք մենք առաջիկայում համագումարի կբերենք եւ կներկայացնենք կառավարությանը: Կարծում եմ՝ այս հարցում 6 ուժերն էլ միասնական կլինեն»:
Նշենք, որ ԱԺ պատվիրակությունը Գալուստ Սահակյանի եւ Սեյրան Օհանյանի հետ Տավուշի մարզ էր մեկնել օգոստոսի 16-ին: Այցի ընթացքում պատվիրակությունը եղել էր առաջնային գծում, սահմանամերձ գյուղերում, ինչպես նաեւ մասնակցել մեղրի փառատոնին:

 




Լրահոս