ՀԻՆ ՈՒ ՁՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական  «Կոմերսանտ»-ին, որտեղ ի թիվ այլ հարցերի, խոսել է նաեւ Հայաստանում նոր ռադիոլոկացիոն կայան կառուցելու հնարավորության մասին: Ռուսական պարբերականի թղթակիցը հարցրել է. «Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը չպայմանավորվեն Գաբալայի  կայանի վարձակալման պայմանների շուրջ,  Հայաստանը համաձայնությունը կտա՞  իր տարածքում նմանատիպ  կայան կառուցելու համար», ինչին Տիգրան Սարգսյանը պատասխանել է` «իսկ ինչու ոչ» եւ շտապել համոզել, որ այդ կայանն ընդգրկելիության առումով ավելի արդյունավետ կլինի, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը լեռնային երկիր է:  Ինչպես հայտնի է, այս տարի սպառվում է դեռեւս խորհրդային տարիներից մնացած ադրբեջանական Գաբալա քաղաքի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության  պայմանագիրը, եւ նոր պայմանագրի շուրջ ընթացող  ռուս-ադրբեջանական բանակցությունները կարծես թե մտել են փակուղի. ադրբեջանցիները, որոնք մինչ այդ կայանի շահագործման համար ստանում էին տարեկան 7 միլիոն ԱՄՆ դոլար,  հիմա պահանջում են ո՛չ ավել, ո՛չ պակաս` 300 միլիոն դոլար վարձավճար:  Որոշ փորձագետների գնահատմամբ, դա պարզապես ռուսներին Ադրբեջանից դուրս հանելու դիվանագիտական ձեւ է, քանի որ պահանջվող տարեկան 300 միլիոնով  հնարավոր է նոր կայան կառուցել:  Գաղտնիք չէ, որ Իրանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակում Գաբալայի կայանի հանդեպ լուրջ հետաքրքրություններ կարող են ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան, ինչը, բնականաբար, Ռուսաստանի համար անցանկալի է: Եւ այստեղ ոչ այնքան կոնկրետ կայանի նկատմամբ վերահսկողության, որքան  Ադրբեջանում ռուսական ներկայության պահպանման հարցն է: Այդ պատճառով  ռուսները փորձում են  կիրառել` «դու չես ուզում, հարեւանդ կուզի» դիվանագիտական շանտաժի հնարքը` շրջանառության մեջ դնելով  ՀՀ-ում նոր կայան կառուցելու հեռանկարը: Եւ այդ հարցում նրանց սիրահոժար կերպով օգնում են ՀՀ իշխանությունները, քանի որ` ա) չեն կարող չօգնել «մեծ եղբորը», բ) մեկ էլ տեսար ու` «կպավ»: Իսկ իրականում դա ընդամենը Գաբալայի  գինը «գցելու» պարզունակ քայլ է, որը, վստահաբար չի համոզելու ադրբեջանցիներին: Քանի որ, ինչպես երկու ամիս առաջ գրել էր նույն «Կոմերսանտ»-ը, գործնական առումով Գաբալայի կայանին հանգիստ կարող է փոխարինել Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում գտնվող ռադիոլոկացիոն  կայանը, որի շինարարությունը,  ճիշտ է, դեռ չի ավարտվել, սակայն  այն հաստատ ավելի արագ կգործարկվի, քան ՀՀ-ում դեռ  նոր-նոր կառուցվելիք կայանը: Բնականաբար, այդ մասին քաջ տեղեկացված են թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը, եւ թե՛, առավել եւս, ռուսները: Սակայն  վերջիններս  ոչ միայն նախաձեռնել են վերը նշված խաղը, այլեւ դեռ մի բան էլ դա ներկայացնում են իբրեւ «Հայաստանին ընդառաջել»` այդպիսով արդեն իսկ ակնարկելով, որ եթե անգամ ՀՀ-ում  նոր ռադիոլոկացիոն կայան կառուցեն, վարձավճարի մասին խոսք չի լինելու: Ըստ ամենայնի, ամեն ինչ լուծվելու է այնպես, ինչպես ռուսական ռազմաբազաների դեպքում` հայ-ռուսական  բարեկամության հին ու ձրի ավանդույթների շրջանակում:




Լրահոս