ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում
Ինչեր ասես, որ չեն անի մեր պաշտոնյաները հանուն սեփական վարկանիշի, հիմա էլ ՀՀ վարչապետը եւ Երեւանի քաղաքապետն են որոշել շարքային քաղաքացի դառնալ ու շրջել մետրոյով: Լուսանկարը, սակայն, փաստում է, որ նրանց ներկայությունը ուղեւորներին առանձնապես չի հուզել. մարդիկ անտարբեր են:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞վ եւ ինչպե՞ս է հաշվարկում գնաճի ցուցանիշը: Ուզում եմ հասկանալ, թե ինչ կարգով է հաշվարկվում այն։
Հրայր Դարբինյան (27 տարեկան, ուսանող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը: Սպառողական շուկայի համար գների ինդեքս (ՍԳԻ) ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկում է ամսական պարբերականությամբ, դիտարկելով 470 ապրանքների եւ ծառայությունների գները ՀՀ 10 մարզերում եւ Երեւանում: 470 ապրանքների եւ ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճը Հայաստանում 2013թ. կազմել է 5,7 տոկոս։ 2013թ. հունվար-դեկտեմբերին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների (այդ թվում նաեւ խմիչքն ու ծխախոտը) գների ցուցիչը կազմել է 105,8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104,6 տոկոս, իսկ ծառայությունների սակագներինը՝ 106,4 տոկոս:
ՀԱՐՑ. Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի հաշմանդամության այլ՝ ավելի ցածր խումբ սահմանվի կամ անձը հաշմանդամ չճանաչվի։ Եվ խնդրում եմ ասեք, թե ինչ ժամկետներում քաղաքացին կարող է վարչական բողոք ներկայացնել:
Սուսաննա Գաբրիելյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քանի որ օրգանիզմի ֆունկցիայի շատ խանգարումներ ենթակա են շտկման «հաշմանդամություն» հասկացությունը սահմանվում է որպես փոփոխման ենթարկվող հասկացություն: Ժամանակի ընթացքում հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի համապատասխան արդյունավետ իրականացված միջոցառումները (բուժում, վերականգնում, հոգեբանական օգնություն) կարող են առաջ բերել հաշմանդամություն առաջացնող ֆունկցիայի խանգարման փոխհատուցում կամ իսպառ վերացում, որի արդյունքում սահմանված հաշմանդամության խումբը կարող է իջնել կամ հաշմանդամություն չսահմանվել: Հիմք՝ Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա։
Ինչ վերաբերում է վարչական բողոք ներկայացնելուն, ապա տեղեկացնում ենք, որ այն ներկայացվում է վարչական ակտի՝ ուժի մեջ մտնելու օրվանից (բժշկասոցիալական փորձաքննական որոշում ընդունելու օրվանից) 6 ամսվա ընթացքում: Հիմք` վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդված։
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հաշմանդամներն իրավունք ունեն դատական կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով բողոքարկել համապատասխան իրավասու պետական մարմնի որոշումը՝ իրենց հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու, ինչպես նաեւ հաշմանդամության այս կամ այն խումբը սահմանելու վերաբերյալ։ Հաշմանդամների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի ոտնահարման մեջ մեղավոր պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները ենթակա են պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: