Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության վարչապետեր Հովիկ Աբրահամյանն ու Իրակլի Գարիբաշվիլին հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Հիշեցնենք. որ Վրաստանի վարչապետը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում:
Նշենք, որ հայտարարությունն այն չէր, ինչ սպասում էին բոլորը: Վրաստանի հետ վիզային ռեժիմին վերաբերող և շատ այլ կարևոր հարցեր այդպես էլ մնացին անպատասխան, քանի որ լրագրողները հարցեր տալու հնարավորություն չունեցան: Գրեթե ամբողջ հայտարարությունը միմյանց շնորհակալական խոսքերով էր ողողված:
Ամենակարևոր հարցը, որ ներկայացվեց, թերևս, երեկ Վրաստանի սահմանում տեղի ունեցած սողանքն էր, որի հետևանքով դադարեցվել էր Հայաստան գազամատակարարումը: Սակայն այս առումով էլ որևէ նոր բան չհնչեց: ՀՀ վարչապետը միայն նշեց, որ վրացական կողմին առաջարկել են մեր օգնությունը` առկա խնդիրներն ավելի հեշտ լուծելու համար:
Գարիբաշվիլին էլ շնորհակալություն հայտնեց հայկական կողմին՝ ջերմ ընդունելության և երկկողմանի կապերի զարգացման առումով արված քայլերի համար:
Բայց շատ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան: