Քանի որ նախօրեին ՀՀԿ-ն հրաժարվեց ստորագրել «Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձեւավորելու մասին» հռչակագրի տակ, երեկ ամեն ինչ անում էր` արդարացնելու այդ քայլը: Նրանք երեկ երկու տարբեր առաջարկներով հանդես եկան:
Որպեսզի սիրաշահեն միջազգային կառույցներին ու այդպես փրկեն իրենց դեմքը, երեկ` ողջ օրվա ընթացքում, այս կուսակցության ներկայացուցիչները փորձում էին համոզել, թե իրենք Հռոմի պապից էլ կաթոլիկ են: Նախ` հայտարարվեց, որ Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահին կից ձեւավորել է խորհրդակցական մարմին, որը զբաղվելու է ԸՕ կիրառման վրա մոնիթորինգ իրականացնելով, նաեւ հնարավոր ընտրախախտումների մասին ահազանգերով: Իսկ կեսօրին էլ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարություն տարածեց` առաջարկելով ընտրություններին մասնակից կուսակցություններին ստորագրել «Ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ» վերնագրով փաստաթղթի տակ:
Ուշագրավն այն է, որ մեկ օրվա մեջ ՀՀԿ-ականները հանդես են եկել երկու տարբեր առաջարկով: Սա, իհարկե, պատահական չէ: Մի կողմից ՀՀԿ-ն փորձում է ցույց տալ, թե ինքն այնքան է շահագրգռված ընտրակեղծիքների դեմ պայքարով, որ այդ ուղղությամբ միանգամից մի քանի առաջարկ է անում քաղաքական ուժերին: Բայց կա նաեւ մեկ այլ հանգամանք:
Ակնհայտ է, որ Նիկոյանի ձեւավորած մարմինն ի սկզբանե դատապարտված է ձախողման, որովհետեւ, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը` «գնացե՛ք Կիեւ ու հարցրե՛ք` ով էր Պանիկովսկին` մինչեւ հեղափոխությունը»: Այլ կերպ ասած` ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ հասարակությունը դեռ չեն մոռացել, թե ով էր Սամվել Նիկոյանը: Նա, լինելով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, իր անուրանալի ներդրումն ունեցավ մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուներին կոծկելու հարցում` արդյունքում մի քանի ամսով որպես փոխհատուցում ստանալով ԱԺ նախագահի աթոռը: Ու հիմա ռեժիմի հանցանքները պարտակելու գործում թրծված Սամվել Նիկոյանը պատրաստվում է երկրորդ անգամ ձեռնամուխ լինել նույն գործին: Միայն թե երեկ Կոնգրեսն այս անգամ եւս հայտարարել է` չի պատրաստվում մասնակցել Նիկոյանի ձեւավորած խմբի աշխատանքներին:
Այսքանից հետո հասկանալով, որ Նիկոյանն անհուսալի է, Դավիթ Հարությունյանը շտապել է առաջարկել քաղաքական ուժերին ստորագրել «Ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ»-ի տակ: Ուշագրավն այն է, որ այս փաստաթղթում ամրագրված դրույթների մի մասով կոալիցիոն կուսակցություններն արդեն իսկ ձեռք են բերել հատուկ պայմանավորվածություն: Ու չնայած նրանք պայմանավորվել էին միմյանց հանդեպ լինել կոռեկտ, սակայն ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանն իրենց հերթին, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաճյանն իր հերթին, օրինակ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում առիթը բաց չեն թողնում միմյանց դեմ «դեմարշ» իրականացնելու, ընդհուպ մինչեւ` անձնական վիրավորանքներ հասցնելու հարցում: Այլ կերպ ասած` կոալիցիոն կուսակցություններն արդեն իսկ խախտում են իրենց պայմանավորվածությունները ու դրան զուգահեռ` համապատասխան տեքստ են առաջարկում ընդդդիմությանը:
Սակայն Դավիթ Հարությունյանի այս առաջարկն ուշագրավ է մեկ այլ առումով: Ամռանը կոալիցիան եւ Հայ ազգային կոնգրեսը երկխոսության փորձ արեցին. Կոնգրեսն օրակարգում առաջարկեց լեգիտիմ իշխանություն ձեւավորելու նպատակով արտահերթ ընտրությունների անցկացման հարցը, իսկ իշխանությունները` «ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով` քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում»: Ու հիմա Դավիթ Հարությունյանը քաղաքական ուժերին է ներկայացրել դեռ ամիսներ առաջ կոալիցիոն ուժերի կողմից կազմված տեքստը: Բնականաբար` ՀՀԿ անունից:
Ինչեւէ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանն այսպիսի տեսակետ հայտնեց. «Սա խղճուկ պատասխան է երեկ չորս քաղաքական ուժերի կողմից ստեղծված ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական ընտրական միասնական շտաբի ստեղծմանը: Ս. Նիկոյանի ստեղծած կամ գլխավորած ցանկացած հանձնաժողովից գալիս է հանցագործության եւ պարտակման հոտ»:
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը թեեւ ասաց, որ որեւէ կապ չի տեսնում Նիկոյանի ձեւավորած խմբի ու նախկին հանձնաժողովի միջեւ, բայց հավելեց. «Վատ գաղափար չէ, բայց պետք է նախ մեխանիզմները ներկայացնեն: Հարկավոր են մեխանիզմներ, որոնք կարող են դեր կատարել»:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, անդրադառնալով Նիկոյանի քայլին, հեգնեց. «Փաստորեն իրենք հատուկ մարմին են ստեղծում` իրենց դեմ պայքարելու համար: Սա ընդամենը ծիծաղելի է»: Ըստ Մանուկանի` իշխանություններն ընդամենը փորձում են եվրոպացի դիտորդների աչքը շոյել, մինչդեռ նա խորհուրդ տվեց այդքանի փոխարեն տրամադրել ՀՀ-ից բացակայող անձանց ցուցակը, որից հետո հնարավոր կլինի հավատալ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու` իշխանությունների հավաստիացումներին:
ՀՀԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ