Նոր ձեռքբերումներ՝ Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-18 աշխատանքային այցով Շուշիում էր գտնվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը` ՀԱԱՀ-ի մասնաճյուղի շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու և նոր ուսումնափորձնական տնտեսության հիմնման համար:

Տարածաշրջանում ստեղծվում է իր տեսակի մեջ եզակի հոյակապ կրթական հաստատություն` 4 մասնաշենքերով, լիարժեք շենքային պայմաններով և բոլոր հնարավորություններով:

Նոր ստեղծվող կրթօջախին ՀԱԱՀ-ը կտրամադրի լաբորատոր սարքավորումներ, կապահովի նյութատեխնիկական միջոցներով, իսկ ՀԱԱՀ-ի շրջանավարտների միավորումն էլ իր աջակցությունը կցուցաբերի մասնաճյուղի կայացման գործում` կառույցի պատրաստ լինելուն պես:

Շենքը պատրաստ կլինի մեկ տարի անց, որից հետո Ստեփանակերտի մասնաճյուղը կտեղափոխվի Շուշի:

Սակայն բարեկարգ շենքային պայմաններից և բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմ ունենալուց բացի որոկյալ ուսուցում ապահովելու և բարձրակարգ մասնագետներ թողարկելու համար անհրաժեշտ է կազմակերպել պրակտիկ պարապունքները: Այդ իսկ պատճառով Արցախում կհիմնադրվի ուսումնափորձնական տնտեսություն: Արցախի կառավարությունը ՀԱԱՀ-ի հետ համատեղ Արաքսի հովտում կհիմնադրի Ագրարային համալսարանի ուսումնափորձնական տնտեսություն, քանի որ Հադրութի շրջանի հարավային թևի ագրոկլիմայական պայմանները շատ նպաստավոր են և հնարավորություն են տալիս մշակել բազմատեսակ մշակաբույսեր՝ անգամ արևադարձային:

Ինչպես նշեց ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանն առաջին փուլի համար նախատեսված է 50 հեկտար հողատարածք. «Արաքս գետից հեռավորությունը ընդհամենը մի քանի կիլոմետր է, արտեզյան խորքային ջրեր ունենալու հնարավորություն կա, հոսանքի աղբյուրը մոտ է: Բոլոր նախադրյալները կան տնտեսություն զարգացնելու համար»:

Ուսումնափորձնական տնտեսության հարևանությամբ` ըստ նախագծի, կլինի նաև ուսանողական ավան. «Ապագայում ամայի տարածքի փոխարեն կլինի ուսանողական փոքրիկ քաղաք, որտեղ ոչ միայն աշխատելու այլև ապրելու պայմաններ կստեղծվեն ինչպես ապագա գյուղատնտեսների, այնպես էլ այլ մասնագիտություններ ունեցող անձանց համար»,- ասաց ՀԱԱՀ ռեկտորը:

Ուսանողական ավանը կկառուցվի ավելի ուշ, իսկ բուն ուսումնափորձնական տնտեսությունը պատրաստ կլինի հաջորդ տարի: Ծրագրին աջակցում է նաև «Փյունիկ» հիմնադրամը, որի նպատակն ուղղված է ապագա գյուղատնտեսների գործնական հմտությունների կատարելագործմանը:

 




Լրահոս