Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան, շարունակում է մնալ Ռուսաստանի ամենահարուստ կինը: Նա կրկին գլխավորել է ռուսական Forbes Woman ամսագրի կողմից կազմված Ռուսաստանի ամենահարուստ կանանց թոփ-30 վարկանշային աղյուսակը:
Պարբերականի տվյալներով՝ Inteco Management ընկերության նահագահը հանդիսացող Բատուրինայի կարողությունը 2014թ. կազմել է 1 մլրդ դոլար (2013թ.՝ 1,1 մլրդ):
Երկրորդ տեղը վարկանշային ցանկում գրավել է Օլգա Բելյավցևան՝ «Պրոգրես Կապիտալ» ընկերության համասեփականատերը: Նրա ունեցվածքը գնահատվել է 450 մլն դոլար:
Երրորդ տեղում է Wildberries ինտերնետ-խանութի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բոկալչուկը՝ 380 մլն դոլար ունեցվածքով:
Ամսագիրը նշում է, որ վարկանշի առաջատարը կարող էր դառնալ միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևի նախկին կինը՝ Ելենան: Դատարանը նրան է հատկացրել նախկին ամուսնու ունեցվածքից 5,1 մլրդ դոլար (ներառյալ՝ անշարժ գույքը, զարդերը և արվեստի գործերը): Սակայն քանի որ այդ գումարը Ռիբոլովլևան դեռ չի ստացել, Forbes Woman-ը նրան վարկանշային ցանկում 0-ական տեղն է հատկացրել: