Երեկվա համարում գրել էինք, որ մարտի 30-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ուշագրավ միջադեպ է գրանցվել. ոստիկանները խմած բախվել են ՀՀ քաղաքացիների հետ, սակայն գործին որեւէ ընթացք չի տրվել. միայն օրինապահներն իրենց թասիբի համար հանձնել են վկայականներն ու հեռացել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ տեղեկացրին, որ «Ժողովուրդ»-ի հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել` պարզելու, թե ինչ է տեղի ունեցել Ճամբարակում: Բայց մինչ քննության արդյունքները հայտնի կդառնան, ինչպես խոստացել էինք, պարզենք, թե ինչ է տեղի ունեցել մարտի 30-ին Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանին պատկանող գազալցակայանում, ինչու են ոստիկանները բախվել ՀՀ քաղաքացիների հետ:
Հարցի պատասխանը ստանալու համար նախ դիմեցինք քաղաքապետ Յուրա Ավալյանին: «Ոչ մի բան էլ չի եղել: Ես չեմ հասկանում, թե ինչ աղմուկ է բարձրացել: Ոչ մի քաղաքական բան չկա ախր»,-շտապեց ավետել Ավալյանը: Հարցին, թե ինչու է խոսում քաղաքականությունից, չէ՞ որ մենք այդպիսի հարց չտվեցինք, քաղաքապետը պատասխանեց. «Ես ուղղակի լսել եմ, որ ուզում են էս ամեն ինչը կապեն միտինգի, քաղաքական հարցերի հետ, դրա համար էլ ասում եմ` չկա նման բան»: «Եթե չկա, ինչո՞ւ են բոլորը խոսում, ու Դուք էլ չզարմացաք»,-հետաքրքրվեցինք, ինչին ի պատասխան` քաղաքապետն ասաց. «Ախր թեթեւ վիճաբանություն է եղել: Ինչ-որ մեկը ավտոն չի զիջել, ու տենց վիճել են մի պահ, անցել, գնացել ա»: Երբ սկսեցինք ավելի խորքային հարցեր տալ, քաղաքապետն ասաց, թե ինքը հասել է այն պահին, երբ մարդիկ պարզապես զրուցել են: Ոչինչ չի տեսել ու չի լսել:
«Ժողովուրդ»-ը գտավ նաեւ այն քաղաքացուն, որի հետ տեղի է ունեցել միջադեպը: Ո՞վ էր խմած, ինչի՞ց է առաջացել վեճը: Տրված հարցերին քաղաքացի Վիլո Սոսյանը պատասխանեց. «Տենց բաներ չի եղել. խմած, բան: Ուղղակի լեզվակռիվ է եղել: Մենք գյուղի տղա ենք, հիմա բարձր-բարձր ենք խոսացել: Էդ մարդիկ, ովքեր եղել են, իրանք իմ ընկերներն են, ուղղակի բարձր տոնով խոսացել ենք»: Իսկ ինչո՞ւ չեք զիջել մեքենան ոստիկաններին, որից առաջացել է վեճը` հետաքրքրվեցինք: «Չէ՛, նման բան չի եղել: Քաղաքապետն էլ ա եկել, գիտեք: Կռիվ չի եղել»,-նշեց Սոսյանը: Երբ ասացինք` քաղաքապետն է տեղեկացրել, որ մեքենան չզիջելու արդյունքում է վեճն առաջացել, Վիլոն մաքրագրեց խոսքերը. «Դե քաղաքապետն ուշ ա եղել, չգիտեմ` ինչ ա խոսացել: Ես եմ բարձր տոնով խոսացել, կողքից իմացել են` վեճ ա: Ընդամենը ավտոների հերթն էր»:
Զրուցեցինք նաեւ Ճամբարակի ոստիկանության աշխատակից Արթուր Արամյանի հետ, որին էլ վերագրվում են վիճաբանությունն ու խմածությունը. «Մեր մեջ ընդհանրապես կռիվ չի եղել: Մենք մի ռայոնի ժողովուրդ ենք, ոչ մի խնդիր չունենք: Ես չեմ հասկանում, թե ինչու է իմ անունը կապվում էդ պատմության հետ»: «Հիմա Ձեր վկայականը չե՞ք հանձնել: Ասում են, որ Ձեր թասիբի համար հանձնել եք այն»,-հարցրինք: «Չէ՛, հենց հիմա վկայականը գտնվում ա իմ մոտ, իմ գրպանում: Ես աշխատում եմ»,-ասաց նա:
Ոստիկան Արտաշես Միքայելյան էլ կրկնեց գործընկերոջ ասածը. «Ես էդ օրն ուղղակի աշխատանքից հետո գնացել եմ գազալցակայան` մեքենան գազ լցնելու, ու այդ ժամանակ Արամյան Արթուրին եւ Լեւոն Դանիելյանին եմ տեսել, եւ ոչ մի վիճաբանություն չի եղել: Իրանք էլ էին եկել գազ լցնելու»: Արտաշես Միքայելյանը եւս մի քանի անգամ ասաց, որ ոչինչ չի եղել:
Մեր զրուցակիցների հետ տեղի ունեցած խոսակցությունից հետո եկանք այն համոզման, որ մարտի 30-ին Ճամբարակի քաղաքապետին պատկանող գազալցակայանում միջադեպ իսկապես գրանցվել է: Քաղաքացի Վիլո Սոսյանը գազալցակայանում իր մեքենան չի ցանկացել զիջել ոստիկաններին, նրանք էլ «աքլորացել են», թե դու ով ես, ու սկսվել է… Բայց քանի որ երկու կողմերն էլ հասկացել են, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ գործը, եթե իրավական ընթացք տրվի, որոշել են համաձայնեցված հերքել կատարվածը:
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՎԻԼՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ