Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 3 ընտրատարածքում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանին հասարակական-քաղաքական լայն շրջանակները չեն ճանաչում: Սակայն այսօր նա հայտ է ներկայացրել մրցակցելու ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանի, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանի եւ ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի հետ:
-Պարո՛ն Ստեփանյան, ո՞վ եք Դուք եւ ինչո՞ւ եք ցանկանում դառնալ օրենսդիր մարմնի անդամ:
-Նախ նշեմ, որ զբաղվել եմ ե՛ւ բարեգործությամբ, ե՛ւ հասարակական գործունեությամբ, ինձ ավելի շատ ճանաչում են որպես «Քեթրին» բարեգործական կազմակերպության նախագահ: Արդեն մի քանի տարի է, ինչ «Քեթրին գրուպ»-ի գործադիր տնօրենը չեմ: 2010 թվականից էլ աշխատել եմ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունում, հեռացել եմ` բացառապես քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար: Հասարակական-քաղաքական լայն շրջանակներում միգուցե ճանաչում չունեմ, բայց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ինձ ճանաչում են: Մենք այս վարչական շրջանի բնակիչների հետ միշտ շփում ունեցել ենք եւ օգնել ենք, ինչքան կարողացել ենք, կամ էլ փորձել ենք նրանց խնդիրների լուծումը գտնել:
-Հիմա ինչո՞ւ եք ցանկանում դուրս գալ բարեգործական դաշտից ու մտնել խորհրդարան, ի՞նչ եք անելու այնտեղ:
-9 տարի շարունակ «Քեթրին» բարեգործական կազմակերպության շնորհիվ շփվել եմ ժողովրդի հետ, լավ ծանոթ եմ համայնքի բնակիչների հոգսերին ու խնդիրներին: Փորձել ենք կազմակերպության միջոցով լուծում տալ այդ խնդիրներին, բայց հիմա եկել է պահը, որ պետք է ավելին անենք մեր համայնքի եւ մեր քաղաքացու համար: Արդեն ունեմ նախանշված ծրագրեր` կապված օրենսդրական ապագա գործունեության հետ:
-Տեղեկություններ կան, որ Ձեզ սատարում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը. ի՞նչ է նա անելու Ձեր համար:
-Միհրան Պողոսյանին ճանաչում եմ դպրոցական տարիքից, մենք մանկության ընկերներ ենք, եւ ինձ սատարում է ոչ միայն Միհրան Պողոսյանը, այլեւ իմ բոլոր մտերիմ ընկերները: Այսինքն` Միհրան Պողոսյանը բացառություն չէ: Մեր բոլորիս նպատակն այն է, որ լինենք օգտակար մեր համայնքին, մեր պետությանը, եւ ինձ չի թվում, որ իմ ընկերներն իրավունք չունեն ինձ սատարելու:
-Դուք պայքարելու եք Ձեր կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ եւ ՕԵԿ ներկայացուցիչների եւ ՀԱԿ անդամ Մանուել Գասպարյանի դեմ: Երեքն էլ հրապարակային քաղաքական դաշտում առավել հայտնի են, քան Դուք, ինչպե՞ս եք պատկերացնում սկսվելիք քարոզարշավը:
-Քարոզարշավի ժամանակ ներկայացնելու եմ իմ նախընտրական ծրագիրը եւ մրցակցության որեւէ խնդիր չունեմ: Առաջին անգամ եմ թեկնածությունս առաջադրել, եւ երբեւէ առիթ չի եղել հրապարակային խոսելու, ելույթներ ունենալու, առաջիկայում` քարոզարշավի ժամանակ, այդ հնարավորությունը կունենամ:
-Թեկնածուներից ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը:
-Բոլոր թեկնածուներն էլ ինձ համար մրցակից են, բոլորին էլ հարգանքով եմ վերաբերվում:
-Բոլոր թեկնածուները հույսը դնում են ընտրակաշառքի վրա, Ձեզ եւս համարում են ընտրակաշառք բաժանող թեկնածու` հաշվի առնելով «բարեգործական անցյալը»:
-2000 թվականից զբաղվում եմ բարեգործությամբ. այդ ժամանակ, բնականաբար, չէի պլանավորում, որ 2012 թվականին թեկնածություն եմ առաջադրելու, այնպես որ դա չպետք է ընդունել ընտրակաշառք` ժողովրդին: Դա անհեթեթություն է: Համոզված եմ, որ յուրաքանչյուր թեկնածու կառաջնորդվի ընտրապայքարի քաղաքակիրթ մեթոդներով: Ես ունեմ ներուժ, որպեսզի արդար պայքարեմ եւ ոչ թե ընտրակաշառք բաժանեմ: Ես դա կարող եմ եւ պարտավոր եմ:
-Խոստանո՞ւմ եք ԱԺ-ում չլինել միայն Միհրան Պողոսյանի պատգամավորը:
-Ես Ազգային Ժողովում ներկայացնելու եմ իմ ընտրողներից յուրաքանչյուրի եւ բոլորի շահերը: Ինչ վերաբերվում է Միհրան Պողոսյանին, արդեն ասացի, որ նա իմ ընկերն է:
«ԵՍ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ