Սոֆոյանին չեն ասել, որ շփման գիծ գնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սոֆոյանն օրերս Հյուսիսային պողոտայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին «մեկնաբանում» էր այնտեղ կատարվող շինարարական աշխատանքների ընթացքը: Չնայած այն բանին, որ շուրջ երկու տարի է Հ. Սոֆոյանը Աժ ամբիոնից մեկ բառ անգամ չի արտաբերել, վերջինս պարզվում է՝ շատ լավ գլուխ է «հանում» շինարարությունից ու անձամբ է հետևում Հյուսիսային պողոտայում ընթացող շինարարության ընթացքին: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է պատգամավորի հետ՝ պարզելու, թե նա ինչ կապ ունի Հյուսիսային պողոտայում ընթացող շինաշխատանքների հետ:

-Պարոն Սոֆոյան, մի քանի օր առաջ Դուք ուղեկցում էիք Հյուսիսային պողոտա այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ նրան ներկայացնում շինարարական աշխատանքների ընթացքը: Դուք ի՞նչ առնչություն ունեք Հյուսիսային պողոտայի շինարարական աշխատանքների հետ:

-Որպես երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Հյուսիսային պողոտա:

-Դա հասկանալի է, բայց Դուք ի՞նչ առնչություն ունեք այնտեղ ընթացող աշխատանքների հետ:

-Ես խի՞ էի գնացել. որովհետեւ մեր մայրաքաղաքի հյուսիսային պողոտան է, ես իրավունք չունե՞մ գնամ այնտեղ:

-Այնպիսի տպավորություն էր, որ Դուք ուղեկցում էիք ՀՀ վարչապետին ու նրան տեղեկացնում էիք շինարարական աշխատանքների մասին:

-Ներդնողը իմ մտերիմ ընկերն է` Սամվել Կարապետյանը, ես էլ ժամանակ առ ժամանակ գնում եմ՝ տեսնելու, թե ընդեղ ինչ է կատարվում: Ընդամենը այդքանը: Իսկ ես պարոն վարչապետին չեմ հարցրել, թե ինչի՞ համար է եկել Հյուսիսային պողոտա, երեւի հասկանալու համար, թե երբ կավարտվի շինարարությունը եւ ինչ որակի աշխատանք է տարվել:

-Իսկ Դուք ինքներդ տեղյա՞կ եք, թե այդ աշխատանքներն ինչպիսի որակով են իրականացնում , եւ արդյոք երբ կավարտվեն:

-Շինրարարությունը կավարտվի սեպտեմբերի 10-ի կողմերը: Հատակը սարքելուց հետո այնտեղ հազար բան կա չէ՞ սարքելու համար՝ լույսերը, նստարանները եւ այլն: Ուղղակի այդ ամենը նաեւ բերվում է դրսից ու դա է խնդիրը, որ անընդհատ հետաձգվում է: Հիմա օրինակ քարերն են բերում, պետք է ասեմ, որ ռազտամոժկեն շուտ անեն, որպեսզի շուտ հասնի ստեղ, որ գործն էլ շուտ առաջ գնա: Մարդիկ շատ մեծ գործ են անում ու ժամկետներն էլ չի էլ ուշանում:

-Պարոն Սոֆոյան, այս օրեին ՀՀ-ի ու Արցախի սահմանի վրա շատ լարված իրավիճակ էր, ինչո՞ւ գոնե մեկ անգամ շփման գիծ չմեկնեցիք:

-Քաղաքում չեմ եղել, չեմ գնացել, ինձ էլ չեն ասել:

-Իսկ ո՞վ պետք է ասեր:

-Դե, վաբշե ո՞վ ա եղել, որ գնացել ա:

-ԱԺ նախագահը, վարչապետը, նախարարները, Աժ խմբակցությունները,,, յուրաքանչյուրն իր ցանկությամբ է գնացել կամ պատվիրակության ուղեկցությամբ:

-Դե մենք էլ կգնանք, ի՞նչ է եղել, ես քաղաքում չեմ եղել: Ամեն ինչին մաքսիմում հետեւել եմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս