ԴԱՏԱՐԿ ՀՈՂԵՐ ՇԻՐԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ցանքատարածությունների զգալի մասն այս տարի անմշակ կմնա, քանի որ գյուղաբնակներից շատերը որակյալ սերմացուի պակաս ունեն: Խնդիրն այն է, որ այս տարի, ինչպես աշնանացան ցորենի, այնպես էլ գարնանացան գարու սերմացուների նոր խմբաքանակ հանրապետություն չի ներկրվի: Գյուղացիները ստիպված են լինելու բավարարվել ունեցած սերմացուով: Իսկ գարնան գյուղատնտեսական աշխատանքները Շիրակի մարզում կմեկնարկեն մի քանի օրից: Եղանակներն արդեն թույլ են տալիս հող մշակել, սակայն գյուղացին կանգնած է երկընտրանքի առաջ` ստիպված է ցանել անորակ սերմ ու հետեւաբար սպասել վատ արդյունքի, կամ ընդհանրապես հող չմշակել ու զուր գումարներ չվատնել: ՇՄ գյուղվարչությունից ստացված տեղեկությունների համաձայն` այս տարի կառավարությունը սուբսիդավորելու է միայն պարարտանյութի եւ դիզվառելիքի գները: Այլ ծրագրեր, որոնք միտված կլինեն զարգացնել գյուղատնտեսությունը, առայժմ չկան: Իսկ դա նշանակում է, որ գյուղացին որակյալ սերմ պետք է գնի սեփական միջոցներով: «Որակյալ սերմի մասով` վերարտադրության իմաստով, մի քիչ խնդիր կարող է ծագել: Մենք վերջին անգամ գարնանացան գարու սերմացուի ծրագիր իրականացրել ենք 2005 թվականին: Վերջին 6 տարվա ընթացքում ընդհանրապես ծրագրեր չեն իրականացվել: Իսկ ունեցած էլիտային մասը տրվել է սահմանամերձ համայնքներին, որոնք խնդիրներ ունեին»,-ասում է ՇՄ գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:
Եղանք Ախուրյան համայնքում, զրուցեցինք գյուղացիների հետ: Նրանցից շատերը պնդեցին, որ ստիպված են հողերը վարձակալության հանձնել, քանի որ մեր օրերում ձեռնտու չէ հող մշակելը: Չնայած իշխանությունների` դեմքով դեպի գյուղը շուռ գալու հավաստիացումներին, էական որեւէ փոփոխություն գյուղաբնակները չեն զգում: «Գյուղացին մի հեկտար ցորեն ցանելու համար ծախսում է 400.000 դրամ: Ես անձամբ ունեմ 3 հա հող: Ինձ պետք է մեկ միլիոն 200.000 դրամ: Հիմի եթե ծախսերս լրիվ իրար գումարեմ, կտեսնեմ, որ էնքան ցորեն չեմ ստանա, որ ծախսս ծածկվի: Պարզ հաշվարկ է: Եթե շահ չունիմ` չեմ ցանե»,-ասում է Ախուրյանի բնակիչ Սամվել Գեւորգյանը:
Ռուզաննա Հարությունյանն էլ քննադատում է այս օրերին գյուղերում շրջող եւ հեռուստատեսությամբ իրենց գովերգող պատգամավորության թեկնածուներին: «Մի քանի օր է` մեր գյուղում գարի կբաժնեին, սաղ գյուղին խառնել էին իրար: 40 կիլո գարի` պասպորտի դիմաց: Ամոթ էլ է: Երեկ էլ ալյուր էին բերել: Գյուղացուն կխաբեն էլի, փոխանակ էնպիսի պայման ստեղծեն, որ մարդիկ չփախնին գյուղից, մնան, հող մշակեն, մի քանի կիլո գարիով ու սիլոսով կխաբեն»,-բողոքեց 45-ամյա Ռուզաննան, ով եւս հրաժարվել է մշակել իր 1.5 հա հողը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս