ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՆԵՐԿՐՈՒՄ` Ի ՎՆԱՍ ԳՅՈՒՂԱՑՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքվել էին Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, որոնք բողոքում էին Թուրքիայից լոլիկի եւ վարունգի ներկրման դեմ: Նրանց պնդմամբ` ներկրված ապրանքատեսակների պատճառով տեղական արտադրանքը չի վաճառվում, արդյունքում տուժում է գյուղացին: Գյուղատնտեսության նախարարությունը համարում է, որ դա իրենց չի վերաբերվում, իսկ Սննդի անվտանգության պետական տեսչությունն էլ  անդադար ստուգումներ է անցկացնում սահմանի վրա` վստահեցնելով, որ Թուրքիայից Հայաստան ոչ մի սննդատեսակ չի ներկրվում: ՏՄՊՊՀ-ն էլ պատրաստ է յուրաքանչյուր պահի ուսումնասիրություններ կատարել, միայն թե համապատասխան դիմում-բողոք պետք է ներկայացվի գյուղացիների կողմից:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Հարություն Ենոքյանի հետ, ով մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, սակայն զբաղվում է գյուղատնտեսությամբ:
«Այսօր շուկայում ներկրված վարունգն ու լոլիկն արժեն 700-800 դրամ, իսկ տեղականը` 900-950: Մի կերպ վաճառում ենք»,-ասաց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ թանկով գնում է այն մարդը, ով ինքն է ուտում, իսկ ներկրածն առնում է նա, ում քանակություն է պետք լինում, եւ հաշվի չի առնում ներկրածի ու տեղականի տարբերությունը: Գյուղացու խոսքերով` ներկրվածը զիջում է որակական հատկանիշներով. «47 տեսակի էլեմենտ են ներարկում, որ երկու անգամ ավել բերք ստանան»: Հիմա ներկրում են, որպեսզի թանկ գներով վաճառեն, իսկ մայիսից կդադարեցնեն ներկրումը, քանի որ ապրանքատեսակներն էժանանում են:
Հ. Ենոքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նամակով դիմել են նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին, բայց ոչ մի պատասխան չեն ստացել. «Գրավոր պատասխան չի եկել, միայն զանգում են ու ասում, որ լավ կլինի: Մինչեւ պատասխանը գալիս է, սեզոնը փակվում է»: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ 2010-ին մեծ թվով մարդկանց հետ են եկել, որից հետո մի քանի օրով փակվել է ճանապարհը. «Թուրքական լոլիկն ու վարունգը շուկա չմտավ: Ժողովուրդը գոնե մի քիչ շահեց: Բայց հիմա էդ ապրանքը մտնում է տամոժնի, ռաստամոժկա չի արվում նորմալ եւ մեկ այլ ապրանքի տեղ է ձեւակերպվում` բրնձի ու սոխի»,-բացատրեց նա` նշելով, որ անցյալ անգամ, երբ եկել են հերթական բողոքի ակցիային, մի «դեպուտատ» է նրանց հետ եղել, ով զանգել է իր «ծանոթներից մեկին» եւ հարցրել, թե ինչքան լոլիկ ու վարունգ է ներկրվել Հայաստան: Ի պատասխան` ասվել է` ոչ մի կիլո:
Ակցիային մասնակցող գյուղացիները նաեւ բողոքում էին հարկային քաղաքականությունից`  նշելով. «Ջերմոցներով ման են գալիս, որ աշխատող տեսնեն ու տանեն գրանցեն»:
Տեսնելով, որ իրենց բողոքը կառավարությունում ոչ ոքի չի հետաքրքրում, ակցիայի մասնակիցները շարժվեցին ՀՀԿ-ի գլխավոր գրասենյակ, որտեղ էլ նրանց ասացին. «Հետո, հիմա ժողով է: Կոմպետենտ մարդ չկա, որ ձեր հարցին պատասխան տա»:   
Խնդրի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սննդի պետական եւ անվտանգության տեսչության մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանի հետ, ով վստահեցրեց, որ սահմանի վրա ստուգումները երբեք չեն դադարում:
«Ամեն ինչ, ինչ կապված է սննդի հետ, ենթարկվում է լաբորատոր փորձաքննության,-ասաց նա` պնդելով, որ Թուրքիայից Հայաստան ներկրվում են միայն մեկ օրական տոհմային ճտեր:-Ուրիշ ոչինչ չի ներկրվում»:
Դիմեցինք նաեւ գյուղատնտեսության նախարարություն, որի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Վահագն Մարտիրոսյանը հարցի առնչությամբ ասաց. «Ի՞նչ եք կարծում, այդտեղ պետք է հայտնվի գյուղատնտեսության նախարարությունն ու ասի, որ չէ՛, մի՞ ներկրի»: Ավելին, գյուղնախարարության պաշտոնյան ոչ միայն գյուղացիների կողմից չէ, այլեւ կարծում է. «Դա գյուղացու բողոքը չէ, այլ գյուղում արտադրություն դրած մի երկու խարոշիների բողոքն է, որ իրենց պամիդորը չի ծախվում»:
Իսկ Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հոգնել է պայքարելուց. «2007-ից պայքարում ենք դրա դեմ»: Նրա խոսքերով` լոլիկն ու վարունգը ներկրվում են Թուրքիայից. «Մաքսատունն ասում է, թե ոչ մի կիլո չենք ներկրում, բայց թուրքական արկղերով, ամեն ինչով հաշվարկեցինք ու դրեցինք նրանց դեմը, ասեցինք հեսա, ո՞նց չի ներկրվում»:  
Ի պատասխան մեր հարցմանը` ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը գրավոր կերպով ուղարկեց տվյալներ, թե անցած երկու տարիներին քանի տոննա վարունգ եւ լոլիկ է ներկրվել Հայաստան: Ըստ այդմ, 2011թ. ընթացքում ներկրվել է 244,6 տ պոմիդոր, այդ թվում` 2011թ. 1-ին եռամսյակում ներկրվել է 147,4 տ, իսկ 2012թ. 1-ին եռամսյակում` 118,5 տ: 2011թ. ընթացքում ներկրվել է 401,4 տոննա վարունգ, այդ թվում` 2011թ. առաջին եռամսյակում` 285,8 տ, իսկ 2012թ. առաջին եռամսյակում` 207,3 տ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս