ԴՈՒԲԱՅԻ ԿԱՎԱՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, շարունակել է բանգլադեշցի Աղունիկ Այվազյանի «հանցախմբի» գործով դռնփակ դատաքննությունը: Աղունիկը մեղադրվում է այն բանում, որ մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաեւ սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու ու պահելու դիտավորությամբ միավորվել է Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող իր համախոհների` Նելլի Ներսիսյանի, Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձանց հետ: Նրանց հետ միասին Աղունիկը ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ եւ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հավաքագրված կանանցից վերցրել է անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով եւ ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունն օգտագործելով, ներգրավել է նրանց մարմնավաճառության եւ պոռնկության մեջ ու ստացել նրանց վաստակած գումարները: Ի դեպ, մայրաքաղաքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Նաիրիի շրջանի հաշվառում ունեցող, բայց Երեւանում բնակվող յոթ մեղադրյալներից հինգը, այդ թվում` Աղունիկը, կալանավորված են, երկուսը ստորագրությամբ բաց են թողնվել: Իսկ գործով ութ տուժածները Լոռու մարզից են, մասնավորապես` Ստեփանավանից, ինչպես նաեւ Երեւանից ու հարակից Հաղթանակ գյուղից:
Այս պահի դրությամբ դատարանը լսել է մեղադրական ճառը եւ երկու տուժողներին: Դատարանը հաջորդ դատական նիստը նշանակել է ապրիլի 12-ին, որի ժամանակ կշարունակվի տուժողների հարցաքննությունը:
Հ.Գ. Ի դեպ, վերջին տարիներին չափազանց շատացել են Թուրքիայում, Դուբայում հայ կանանց շահագործելու դեպքերը: Եթե Ցեղասպանության ժամանակ հայ կանայք բռնաբարվում էին թուրքերի կողմից ու ինքնասպան լինում, ապա այժմ շահագործվում են ինքնակամ: Իսկ տուժողները սովորաբար բողոքում են այն ժամանակ, երբ կավատները նրանց բազմիցս շահագործելուց հետո «քցում» են, կամ որոշ օրգանների աշխատունակության կորուստ են ունենում: Երբ դատավորը հարց տվեց տուժողներից մեկին, թե ինչու է համաձայնել մարմնավաճառությամբ զբաղվել ու գնալ Դուբայ, տուժողն այսպես պատասխանեց. «Մի օր տեսա` Նառան լավ փոխվել ա, հագուկապը տեղն ա, ավտոն առել-դրել ա տակը: Ընկերուհիներիցս մեկին հարցրի, թե էդ ինչով ա տենց առաջ գնացել, ասեց` պուտանկություն ա անում Դուբայում: Ես էլ ասի` էդ որ տենց փողեր ա աշխատում, բա ես ինչ կանեմ… ու գնացի»: Հասկացա՞ք` որքան հեշտ է թրաֆիքինգի մեջ ներգրավվելու մեխանիզմը:       

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս