Համալիրի շուրջ խմորումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օգոստոսի 21-ին, Կառավարության նիստում որոշում կայացվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը որպես գույք պարտքի դիմաց հանձնել Պաշտպանության նախարարությանը:

Հիշեցնենք, որ այս ամենից առաջ ԴԱՀԿ-ի կողմից տեղի էր ունեցել 7 անհաջող աճուրդ, բայց դրանցից ոչ մեկի ժամանակ գնորդ չգտնվեց:

Իսկ ամեն ինչ սկսվել էր շատ վաղուց….

Դեռ 2005թ. սեպտեմբերին  համալիրը 7,5 մլն դոլարով վաճառվեց Ռուսաստանում հայտնի գործարար Մուրադյան եղբայրներին, որոնց էլ պատկանում է «ԲԱՄՕ» ընկերությունը: Մինչ այդ կառույցը գտնվում էր պետության սեփականության ներքո:

2011-ից ընկերության տնօրենը Բորիս Մուրադյանն է: Հիշեցնենք, որ Մուրադյան եղբայրներից մեկը՝ Հովիկ Մուրադյանը, 2013-ի հունիսին դարձել էր դանակահարության զոհ:

Նույն թվականի նոյեմբերին Ֆինանսների նախարարության  ու ՊՆ մասնակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից 10,2 մլրդ դրամ բռնագանձելու պահանջով դատավարություն է սկսվել:  Գործը հասել է մինչև Վճռաբեկ դատարան և 2014թ. տարվա գարնանն ավարտվել ի վնաս ՓԲԸ-ի:

 Ըստ այդմ՝ ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ պետք է բռնագանձվեր 10,2 մլրդ դրամ, որը տարածվելու էր ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզահամալիրի շենքի վրա:  Ու չնայած այս դատական քաշքշուկները դեռ ընթացքի մեջ են, ԴԱՀԿ-ն մայիսի 19-ին հայտարարեց համալիրի աճուրդի մասին:

Մայիսի 19-ից մինչ օրս այդպես էլ ոչ մի գնորդ չէր հայտնաբերվել: Ըստ աճուրդի կանոնների՝ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո 3 օրվա ընթացքում հայտարարավում է նորը, իսկ համալիրի արժեքից նվազեցվում է 10 տոկոս: Երեկ էլ համալիրի մասին նման որոշում կայացվեց արդեն կառավարության նիստում:

Վերջում ընդգծենք, որ համալիրի սեփականատեր հանդիսացող Բորիս Մուրադյանն armlur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե այս որոշումն իր սրտով չէ, որ և կբողոքարկեն այն:




Լրահոս