ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ավտոմեքենա ունեցող յուրաքանչյուր երեւանցի ամեն օր հանդիպում է ավտոկայանատեղիում աշխատող մարդկանց, որոնք իբրեւ օգնում են մեզ տեղավորել մեր մեքենաները: Շատ հաճախ կայանողները կանգնում են արգելված գոտում եւ սկսում ցուցումներ անել: Հիմա մի նոր երեւույթ եմ տեսնում` ՀԴՄ-ներն են կախում իրենց վրա: Իրոք չեմ կարողանում հասկանալ` ով է թույլտվություն տալիս նրանց ամեն տեղ կանգնելու եւ, այսպես ասած, աշխատելու: Ո՞վ է սահմանում մեքենայի կայանման համար նախատեսված 100, 200 կամ 300 դրամի չափը:

Նաիրի Ասրյան, 50 տարեկան, իրավաբան


ՊԱՏԱՍԽԱՆ.
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը կանոնակարգելու նպատակով ընդունվել է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի հիման վրա ներկայում մշակվում է ՀՀ տարածքում ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը: Այն գտնվում է նախագծային փուլում եւ առաջիկայում կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
Կարգի հաստատումից հետո հնարավոր կլինի, գործող օրենսդրական դաշտի պահանջներին համապատասխան, կանոնակարգել ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը, իսկ մինչ այդ ավտոկայանատեղ կազմակերպելու համար վարչական շրջանների կողմից ժամանակավորապես կնքվել են պայմանագրեր, որոնց հիման վրա հավաքագրվող գումարները մուտք են արվում համայնքային բյուջե:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործընթացն, իհարկե, հնարավորինս ուշ է կարգավորվելու, քանի որ ավտոկայանատեղիներ ունենալը գերշահութաբեր բիզնեսի է վերածվել: Ասում են, թե դրանց տերերը հսկայական եկամուտներ են ստանում, իսկ մեքենաներին անկանոն շարժումներով տեղավորող ու ճանապարհող հսկիչները` գրոշներ: Վզից կախված ՀԴՄ-ն էլ հավանաբար նրանց ստրկությունը խորհրդանշող շղթան է:




Լրահոս