Հյուսիսային պողոտայում մինչև հոկտեմբեր միայն սալահատակների տեղադրումը կավարտվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքաշինության նախարարությունում այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, նախարար Նարեկ Սարգսյանն ամփոփեց իր պաշտոնավարման հարյուր օրը:

Լսելով նախարարին` տպավորություն ստեղծվեց, որ քաղաքաշինության ոլորտում կան միայն խնդիրներ, որոնք չեն լուծվում:

Այսպես, նախարարը տեղեկացրեց, որ անցած երեք-չորս ամիսների ընթացքում ուսումնասիրություններն ու աշխատանքները ցույց են տվել, որ կան լուրջ խնդրրներ թե՛ ճարտարապետությունում, թե՛ շինարարների աշխատանքում և թե՛ մյուս բոլոր ոլորտներում:

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի «չվերջացող» շինարարությանը, նախարարը նշեց, որ հոկտեմբերին նախատեսվում է ավարտին հասցնել բարեկարգման աշխատանքները:

«Ամբողջությամբ ավարտված կլինեն սալահատակների նորոգումները: Այժմ օգտագործվում են կոշտ նյութեր, ծաղկամաններն են փոխվելու, որոնց մակերեսները երեք անգամ մեծացվում են, թփերի  փոխարեն ծառեր են լինելու, արտաքին լուսավորության էլեմենտներն են փոխվելու: Տեղադրվելու են նաև ժամանակակից քանդակներ»,- տեղեկացրեց Նարեկ Սարգսյանը:

Լրագրողի հարցին, ինչու՞ որոշվեց թփերի փոխարեն ծառեր տեղադրել, նախարարը պատասխանեց.  «Եթե մարդը մահամերձ ընկած է, մարդու կյանքը բժիշկը փրկում է, հետո մնացած սպիի համար բժշկին մեղադրում են: Հյուսիսային պողոտան` տասը հա տարածք է, և կա Երևանի երկու գլխավոր հրապարակները միացնող հատված, որը պետք է ծառերով շրջապատել:

2007 թ.-ին չունեինք տեխնոլոգիաները, հիմա ունենք, կանցնի ևս տասնհինգ տարի տեխնոլոգիաները կփոխվեն, կգան նոր սերունդներ, և կրկին ճարտարապետական փոփոխություններ կլինեն»:

Նախարարը նշեց նաև, որ ճարտարապետական սխալներ միշտ են լինում:

Առաջիկայում ի՞նչ հեղինակավոր շինություններ են քանդվելու և ինչու՞ հարցը նախարարը գնահատեց որպես սարկազմ և հավաստիացրեց, որ չեն քանդվի: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի մասով Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ հեղինակների հետ համատեղ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը տեղում կուսումնասիրի, թե խնդիրներն ինչի հետ են կապված, և դրանք կլուծվեն: Այս պահին շենքը քանդելու խնդիրներ չկան:

Փաստորեն, ստացվում է, որ մինչ այսօր շենքը քանդելու շուրջ հայտարարություններն անհիմն են եղել, քանի որ չի եղել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրեր խնդիրները: Իսկ խնդիրներ, նախարարի հավաստմամբ, կան, բայց թե որոնք են դրանք, պարզ չէ:




Լրահոս