Մենք ռուսական շուկա մտնելու խնդիր չունենք, տարիներ շարունակ ռուսական շուկա շատ ապրանքներ ենք արտահանել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի՝ այլ երկրներից ՌԴ սննդամթերքի ներկրման արգելքին:
«Ռուսաստանը հնարավորություն է ստեղծել բոլոր երկրների համար, բացի այն երկրներից, որոնց նկատմամբ այդ արգելքներն ազդել են: Մենք արդեն ՌԴ ԱԳՆ-ից ունենք նամակ, որտեղ ասվում է ներկայացնել մեր արտահանման ծավալները», – նշեց նա՝ հավելելով, որ մեծ քանակով ապրանքների արտահանման դեպքում Հայաստանում գների բարձրացում չի լինի:
Նախարարն անդրադարձավ նաև մսամթերքի արտահանման հարցին՝ նշելով, որ վերջին մի քանի տարում այդ առումով սահմանափակումներ եղել են, սակայն մոտ ժամանակներս այդ հարցը կլուծվի: Նախարարի խոսքով՝ կա հատկապես երշիկի և նրբերշիկի պահանջարկ:
«Մենք ռուսական շուկա գինիներով արդեն մտել ենք, և այս տարի գինիների արտահանման ծավալները՝ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ 30 տոկոսով ավելացել են», -եզրափակեց նա: