Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ամփոփեց որպես նախարար իր գործունեության հարյուր օրը:
Ինչպես իր ելույթում նշեց նախարարը, ստեղծվել է երիտասարդ ճարտարապետների հանձնաժողով, որը նպատակ ունի յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհի հայ երիտասարդ ճարտարապետներին հավաքել մի տեղ և փորձի փոխանակում իրականացնել:
Նախարար Նարեկ Սարգսյանը նշեց նաև, որ զգալի խնդիրներ կան բնական հումքի ոլորտում, շինարարների աշխատանքում, իսկ Երևանից դուրս իրականացվող աշխատանքներում մեծ բացեր կան լրացնելու:
«ՀՀ Քաղաքաշինության նախարարության գործունեությունը նախորդ երեք ամիսների ընթացքում ուղղված է եղել ոլորտում անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը, օրենսդրական նոր և ընթացքի մեջ գտնվող փաթեթների մշակմանը, քաղաքաշինական-ներդրումային նոր ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերին և նախարարության շարունակական ծրագրերի ընթացքի ապահովմանը, միջազգային համագործակցության ծրագրերին մասնակցության ընդլայնմանը, ինչպես նաև` պետություն-մասնագիտական ՀԿ-ներ նոր որակի հարաբերությունների ձևավորմանը»,- ներկայացրեց նախարարը:
Վերջինիս խոսքերով` օրենսդրական նոր նախաձեռնությունների մեջ են մտնում «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը` ՀՀ ճարտարապետների միության հետ համատեղ:
Նախատեսվում են նաև մարզային այցելություններ, այդ թվում` Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի:
«Ջերմուկում իրականացվող քաղաքաշինական զարգացման ծրագրերի ընթացքն ու կառուցապատման նոր առաջարկները` (մասնավորապես քաղաքաշինության նախարարության կողմից մշակվող` Արփայի կիրճը որպես հանգստի գոտի վերակառուցելու ծրագիրը) դիտարկելու նպատակով այնտեղ այցելություն կիրականացվի»,-նշեց նախարարը: