ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների գույքի եվ եկամուտների հայտարարագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  հրապարակել է  կուսակցությունների գույքի եւ եկամտի հայտարարագրերը (2011): Միայն Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, որ ներկայացրել է գույքի եւ եկամուտների բավական պատկառելի ցանկ. անշարժ գույք հանրապետության բոլոր մարզերում, 8 ավտոմեքենա (որից մեկը`Նիսսան Պատֆայնդեր), 266 մլն դրամ եկամուտ (որից`13.3 մլն դրամը` վարձակալությունից եկամուտներ, 27.1 մլն դրամը` բյուջեից ստացված միջոցներ):
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը նույնպես ներկայացրել է իր կողմից տնօրինվող անշարժ գույքի պատկառելի ցանկ, սակայն ոչ թե որպես միանձնյա սեփականատեր (ինչպես հանրապետականը), այլ անհատույց օգտագործման իրավունքով: ԲՀԿ-ն շարժական գույք չունի, իսկ դրամական եկամուտները կազմել են ընդամենը մոտ 15.3 մլն դրամ, որից 12.1 մլն դրամը ստացել է պետական բյուջեից, իսկ ադամավճարները 2.9 մլն դրամ են: ԲՀԿ-ն անդամավճարներին չափով զիջում է նույնիսկ դեմոկրատական կուսակցությանը: “Օրինաց երկրի” անդամավճարները կազմել են 10.3 մլն դրամ, եւս 2.8 մլն դրամ կուսակցությունը ստացել է պետբյուջեից: ՕԵԿ-ն ընդամենը մեկ տարածք ունի` Երեւանի Աբովյան փողոցի 43 շենքի 5-6-րդ հարկերը` 765 քառ. մետր ընդհանուր մակերեսով: Բացի այդ` ՕԵԿ-ը հայտարարագրել է 2 ավտոմեքենա: Ի դեպ` ավտոմեքենաներ հայտարարագրել են միայն ՕԵԿ-ը, ՀՀԿ-ն ու կոմունիստական կուսակցությունը: Անդամավճարների չափով երկրորդ խոշոր կուսակցությունը Հայ հեղափոխական դաշնակցությունն է` 25.4 մլն դրամ: Բացի այդ` ՀՅԴ-ն 10 մլն դրամ է ստացել պետբյուջեից, ու 9.6 մլն դրամ` վարձակալությունից: ՀՅԴ-ն սեփականության իրավունքով անշարժ գույք ունի հանրապետության տարբեր մարզերում: Փաստորեն` ՀՅԴ-ն ՀՀԿ-ից հետո երկրորդ հարուստ կուսակցությունն է: Գուցե արտառոց թվա, սակայն ըստ հայտարարագրերի` ամենահարուստ կուսակցություններից մեկը “Միավորված հայեր”-ն է, որն ունի 15 մլն դրամ միջոցներ: Սակայն այդ գումարների մեծ մասը (13.7 մլն դրամ) հավաքագրվել է ,Զվարթնոցե տաճարի վերականգնման նպատակով: Այդ կուսակցությունն ունի բազմաթիվ նվիրատուներ, որոնցից 5-ը 2011-ի 1 մլն դրամից ավելի նվիրատվություն են կատարել: Հայ ազգային կոնգրեսը հայտարարագիր ներկայացրել է իր կազմի մեջ մտնող բոլոր 10 կուսակցությունների համար: Դրանցից 5-ը ոչինչ չունեն` ոչ գույք, ոչ էլ դրամ (դրանք են` Պահպանողական, “Ժողովրդավարական ուղի”, Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական), ,Հայոց հայրենիքե եւ “Ազատություն” կուսակցությունները): Կուսակցություններից երկուսը գույք ունեն` ՀՀՇ-ն ու “Հանրապետությունը”, իսկ ամենաշատ դրամական եկամուտ ցույց է տվել “Ժողովրդավարական հայրենիքը”` 708 հազ. դրամ: ՀԱԿ-ի կազմում ընդգրկված 10 կուսակցությունների համախառն դրամական եկամուտը մոտ 1.8 մլն դրամ է, որոնք հիմնականում կուսակցությունների լիդերների նվիրատվություններն են: “Ժառանգություն” կուսակցությունը եւս անդամավճար ցույց չի տվել` 2 մլն դրամ ստացել են պետբյուջեից, ու 380 հազ. դրամ էլ որպես նվիրատվություն կատարել է Ռաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցությունը վարձակալում է ընդամենը 1 բնակարան Երեւանի Մոսկովյան փողոցում (33.1 քառ. մետր):Համեմատաբար բարվոք է իրավիճակը Հայաստանի դեմոկրատական կուսակցությունում` ունեն 3 մլն դրամ անդամավճար ու 5 մլն դրամ նվիրատվություն: Կուսակցությունը նաեւ անհատույց գույք է օգտագործում Երեւանում, Գյումրիում, Գավառում, Աբովյանում: Եւ վերջապես կոմունիստական կուսակցությունն ամենաաղքատն է` նրանց ունեցածն ընդամենը 2 ավտոմեքենա է եւ 132 հազ. դրամ:




Լրահոս