Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ՀՀ պաշտպանության նախարարությունում «ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցության հայտերի ներկայացումը եւ վարչական աջակցությունը» թեմայով աշխատաժողովն անցկացնող ՄԱԿ-ի եւ Կանզասի ազգային գվարդիայի փորձագիտական խմբին:
Նշված աշխատաժողովն անցկացվում է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության գործընթացին, խաղաղապահ առաքելության եւ նախատեղակայման ուղեցույցին, պահանջներին եւ այլն:
ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին ՀՀ անդամակցությունը հաստատվել է 2013թ.-ին եւ նշված ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման եւ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հովանո ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության եւ «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա նախագծերը: