Լրագրողների համակարգող մարմնի նիստ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարությունում կայացավ Լրագրողների համակարգող մարմնի նիստը, որը վարում էր համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը: Նիստին հեռակապով միացել էին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, «Զարթոնք» օրաթեթրի գլխավոր խմբագիր Պայծիկ Գալաջյանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ուզում եմ արձանագրել, որ լրագրողների համակարգող մարմինը ամենաակտիվ եւ մշտական գործող կառույցներից մեկն է: Ակնկալում եմ, որ համաժողովին հնչեն ավելի կոնկրետ հարցադրումներ:Արդեն պատրաստ է համաժողովի հռչակագիր-հայտարարության նախագիծը, այն խմբագրվելու եւ ուղարկվելու է համահայկական բոլոր կառույցներին, հաշվի ենք առնելու բոլորի կարծիքը: Սա այն եզակի դեպքերից է, երբ մենք պարտավոր ենք վեր կանգնելմեր ներքին տարաձայնություններից, անձնական նկրտումներից, կուսակցական եւ եւ այլաբնույթ մոտեցումներից:

Քննարկումները լինելու են մինչեւ սեպտեմբերի 18-ը: Իսկ սեպտեմբերի 20-ին հռչակագիր-հայտարարությունը պետք է ընդունվի միաձայն, միակամք: Դա մեր միասնության երաշխիքներից է:

Համաժողովը մեկ անգամ եւս պետք է ազդարարի, որ հայ ժողովուրդը միակամ է, համախմբված, եւ ուժեղ է իր միասնականությամբ: Այն համախմբվածությունը, որն առկա է այսօր եւ՛ քաղաքական եւ՛ հասարակական կյանքում, պետք է արտացոլվի նաեւ մամուլում, տեղեկատվական ոլորտում»:

Համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը ներկայացրեց Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի նիստերին առաջարկվող թեմաները՝ հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության լուսաբանումը մամուլում, հայոց լեզվի իմացության անաղարտության ու պահպանման հիմնախնդիրները եւ հեռանկարները, քարոզչություն, հակաքարոզչություն, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումները եւ հեռանկարները:

2014թ. «Սփյուռք ամառային դպրոցի» շրջանակներում Սփյուռքի լրագրողների համար կազմակերպած դասընթացների եւ դրանց արդյունքների մասին զեկուցեց Նաղաշ Մարտիրոսյանը:

Քննարկվեցին նաեւ կազմակերպական այլ հարցեր:




Լրահոս