«Նախագահականն անփույթ և անկազմակերպ է աշխատում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի միջոցով հանրությանը հասանելի դարձած ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերից հերթականը պատմում է Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Հայաստան հրավիրելու մասին: Սույն զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը` 2008թ. հուլիսին:

Փենինգտոնը զեկուցագրում հանդես է գալիս ուշագրավ մեկնաբանություններով ու գնահատականներով՝ շեշտելով, որ Սարգսյանի աշխատակազմն աշխատում է անփույթ ու անկազմակերպ: Իրավիճակը վերլուծելով՝ դիվանագետն ԱՄՆ կառավարությանը հուշում է Սարգսյանի քաղաքականությանն աջակցելու անհրաժեշտության մասին:

Փենինգտոնը նախ եւ առաջ մեջբերում է ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի հայտնած տեղեկությունը, ըստ որի՝ 2008թ. հունիսի 23-ին բանավոր կերպով Հայաստան հրավիրելով Թուրքիայի նախագահին՝ արդեն հունիսի 27-ին Ս.Սարգսյանը Վրաստանի՝ հայկական դեսպանության միջոցով ուղարկել է նաեւ պաշտոնական հրավերը: Ամերիկացի դիվանագետը նշում է, որ Մոսկվայում արած իր հայտարարության մեջ Սերժ Սարգսյանն անփութորեն չէր շրջանցել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թեման:

Ավելին` Սարգսյանը նշել էր, որ Հայաստանի համար ընդունելի է պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, եթե Թուրքիան առաջինը համաձայնի բացել սահմանները եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Փենինգտոնը արժանանշանակ է համարում, որ Սերժ Սարգսյանը գտնվելիս է եղել բավականին խոցելի վիճակում՝ հրապարակայնորեն համաձայնելով պատմական հանձնաժողովի ստեղծմանը:

Դիվանագետը չի զլանում արձանագրել, որ Հայաստանում շատերի համոզմամբ՝ այս քայլը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: Իրավամբ, այս տարիների արդյունքում Ցեղապսանության միջազգային ճանաչման գործընթացը փաստացիորեն դադարել է՝ ի հեճուկս իշխանությունների շարունակական շաղակրատումների, թե հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական անկյունաքարերից մեկը:
Փաստաթղթի հաջորդ հատվածում Փենինգտոնը հիշատակում է նախագահականում խորհրդականի պաշտոն զբաղեցնող մի անանուն աղբյուրի, ով դիվանագետի հետ հանդիպման ժամանակ պահանջել է ԱՄՆ կառավարությունից ճնշումներ բանեցնել պաշտոնական Անկարայի նկատմամբ, որպեսզի Գյուլը ընդունի հրավերն ու այցելի Հայաստան:

Նույն աղբյուրը հավելել է, որ Սերժ Սարգսյանը նպատակ ունի փոխել երկու երկրների միջեւ հաստատված դինամիկան եւ անկեղծ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մեջ:

Փենինգտոնը նաեւ հաղորդում է, որ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ տպագիր հոդված է նախապատրաստվել համաշխարհային լրատվամիջոցներից մեկում, որը նոր թափ պետք է հաղորդեր Թուրքիայի հետ հարաբերություններին ու վերահաստատեր Սարգսյանի առաջարկը:

Փենինգտոնին հայտնել են, որ հոդվածը «Ասսոշիեյթեդ պրեսս»-ում տպագրելու պատրաստակամություն է հայտնել ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Հավելենք, որ ըստ Փենինգտոնի մեկ այլ զեկուցագրի՝ այդ հոդվածի հրապարակումը կասեցվել էր Հայաստանի կառավարության պահանջով:

Դիվանագետը փաստում է, որ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրել է Մոսկվայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալիս: Հեղինակը նկատում է, որ Սերժ Սարգսյանը, բացահայտելով իր «ֆուտբոլային դիվանագիտության» պլանը, համաձայնություն է տվել պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որը պետք է քննի 1915թ. դեպքերը:

Մեկնաբանելով այս քայլը՝ Փենինգտոնը արձանագրում է, որ Սարգսյանը դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, ով բացահայտ հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ չէ պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը: Հիշատակելով Հայաստանի նախկին նախագահների վարքագիծը՝ հեղինակը հայտնում է, որ Ռ.Քոչարյանն առաջարկել էր պատմական դեպքերի քննարկումը միջկառավարական մեծ հանձնաժողովի մաս դարձնել, որ պետք է զբաղվեր երկուստեք տարաբնույթ հիմնահարցերի մշակմամբ ու լուծմամբ:

Իսկ Լ.Տեր-Պետրոսյանը համաձայն չէր այդ հանձնաժողովի ստեղծմանը, ում խոսնակը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը առաջին հայ ղեկավարն է, ով կասկածի տակ է առել Ցեղասպանության փաստը:

Իր ուշագրավ մեկնաբանության մեջ հեղինակը ստեղծված իրավիճակը գնահատում է որպես «անհավատալի»: Նա, սակայն, արձանագրում է, որ ամեն ինչ ներդաշնակ է այն անփութության պատկերի հետ, որ «նկատել ենք Սարգսյանի աշխատանքում նախագահության ստանձնման սկզբնական ամիսներին»:

Փենինգտոնը հավելում է, որ այն ձեւը, ինչպես որ Սարգսյանն անսպասելիորեն Մոսկվայից հայտարարեց Գյուլին Հայաստան հրավիրելու մասին, ավելի մեծ ապացույց է, որ նախագահականի աշխատանքը համակարգում է անկազմակերպ ու թույլ աշխատակազմը:
Փաստաթղթի ավարտին Փենինգտոնը Գյուլին արված Սարգսյանի առաջարկը համարում է մեծ ու դրական քայլ: «Չնայած նախագահն ու իր աշխատակազմը անփութություն ունեցան հրավերը զուգորդել պատմական հանձնաժողովի աննպատակահարմար հիմնահարցի հետ», բայց եւ այնպես, այն ունի մեծ պոտենցիալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար:

Փենինգտոնը խորհուրդ է տալիս Վաշինգտոնին հաշվի առնելով իր դիտարկումները՝ մեծապես աջակցել սկսված գործընթացին: Արդ, հաշվի առնելով վերոգրյալը՝ կարելի է չկասկածել, որ ԱՄՆ-ն ՀՀ իշխանությունների հակաժողովրդավարական կեցվածքի նկատմամբ անտարբեր վերաբերմունք էր ցուցաբերում բացառապես աշխարհաքաղաքական շարժառիթներով:

Զարմանալի չի լինի, որ ԱՄՆ-ն կրկին հիշի Հայաստանում տեղի ունեցող խայտառակ ընտրությունների մասին, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը նրանց շահերին հակասող քայլեր կատարի:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս