Իշխանությունը պետք է ընդդիմության շունչը զգա իր թիկունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող աննախադեպ լարվածության ընթացքում ընդդիմադիր եւ իշխանական թեւերը սկսեցին միմյանց հետ համագործակցել, համատեղ հայտարարություններով հանդես գալ եւ միասին շփման գիծ մեկնել: Մինչդեռ մինչ այդ նրանք որեւէ հարցում չէին կարողանում «լեզու գտնել»: Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը փորձել է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներից պարզել, արդյոք այսուհետ նրանք աշխատելո±ւ են իշխանության հետ համատեղ, եւ արդյոք այդ դեպքում խոստացված «թեժ աշունը» իրականություն կդառնա՞:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Տիկին Զոհրաբյան, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը իշխանության ներկայացուցիչների հետ շփման գիծ մեկնեցին, նրանց հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Այս ամենից հետո` արդյոք խոստացված «թեժ աշունն» ու հանրահավաքային պայքարը կկայանա՞:

-Ընդհանրապես ճիշտ չեմ համարում դիրքեր գնալը, այդ լարված օրերին զինվորի կողքին լինելը, զինվորի խնդիրների ու մտահոգությունների մասին լսելը շահարկման առիթ դարձնելը: Քաղաքական ուժերը, ովքեր գտել են նպատակահարմար, եղել են դիրքերում: Նրանք այդ պահին եղել են զինվորի կողքին, որովհետեւ զինվորը, որն այսօր պահում է մեր թիկունքը, ինքն էլ ունի անհրաժեշտություն տեսնելու արդյոք իր թիկունքը ապահով է, թե ոչ: Դա որեւէ կապ չունի մեր ծրագրերի հետ, Քառյակի ծրագրերում որեւէ փոփոխություն չկա: Ես այս պահի դրությամբ կարող եմ «Բարգավաճ Հայաստան»-ի անունից հայտարարել, որ մեր ծրագրերում որեւէ փոփոխություն չկա ու դրանք միմյանց հետ որեւէ առնչություն չունեցող հարցեր են: Այժմ խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերով աշխատում ենք սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու օրենքի նախագծի վրա: Ու նման նախաձեռնություններով որքան շատ լինի միասնականությունը, այնքան ավելի լավ: Բանակի կողքին, զինվորի ու գյուղացու կողքին կանգնելու միասնականության հարցում որքան մեծ լինի մեր աջակցությունը, այնքան դրանից կշահի զինվորը, բանակն ու գյուղը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

-Պարոն Մինասյան, ըստ Ձեզ, ընդդիմությունը կկարողանա± նույն եռանդով քննադատել իշխանությունների վարած քաղաքականությունն այն դեպքում, երբ վերջին ժամանակահատվածում իշխանության հետ հանդես է գալիս համատեղ հայտարարություններով:

-Նախ՝ ես կարծում եմ, որ արտաքին վտանգի դեպքում իշխանություն-ընդդիմություն հասկացությունները երկրորդ պլան են մղվում, որովհետեւ հարցն արտաքին ագրեսիայի դեմ պայքարելն է, այդ տեսակետից ոչ միայն ողջունելի է, այլ նաեւ ուսանելի: Ու եթե այդ ամենից ծնվի նաեւ մի օրենք՝ կապված սահմանապահ գյուղերի հետ, որով կամրացվի այդ բնակավայրերի թե՛ պաշտպանական, թե՛ սոցիալ-տնտեսական վիճակը, ապա դա մեծ արդյունք է: Երկրորդ կարեւոր հանգամանքը չպետք է մոռանանք, որ մենք բոլորս` լինենք իշխանություն, թե ընդդիմություն, ուզում ենք երկրի դիմադրողականության բարձրացում: Եթե անհրաժեշտ է, որպեսզի ներքին դիմադրողականության սահմաններում ընդդիմությունն ավելի թեժ գործողությունների գնա, ապա պետք է գնա, որովհետեւ գլխավոր խնդիրն, ինչպես արդեն արձանագրել ենք, փոփոխություններն են երկրի ներքին կյանքում: Բացարձակապես ձեր նշած տեսակետը չեմ կիսում, սա ցույց տվեց, որ բոլորի միակ նպատակը երկրի անվտանգության հարցն է: Եթե իշխանությունը քայլ է արել այդ անվտնագությունը մեծացնելու ուղղությամբ, ապա գովելի է նման իշխանությունը: Իհարկե, իշխանությունը պետք է միշտ զգա ընդդիմության շունչը իր թիկունքում, որպեսզի ինքն էլ փոփոխությունների գնա: Ընդդիմությունը հանդարտության է մատնում նաեւ իշխանությանը, իսկ հանդարտ իշխանությունը երկրի զարգացման տեսանկյունից կարող է նաեւ վտանգավոր լինել, դրա համար, որտեղ որ անհրաժեշտ է լինել միասնական՝ պետք է լինենք, այնտեղ, որտեղ պետք է ներքին դիմադրողականություն՝ ուրեմն պետք է այդպես անել:

-Բայց իշխանությունը երբեւէ չի ցանկացել որեւէ հարցում զիջումների գնալ, եթե այդ հարցը բարձրացրել են ընդդիմության ներկայացուցիչները, այսինքնª ըստ Ձեզ իշխանությունները «փոխվե՞լ» են:

-Եթե ինչ-որ մի բան չի ստացվել,ապա դա դեռ չի նշանակում, որ պետք է թեւաթափ լինել ու որեւէ գործողություն չանել, պետք է մտքում ունենալ, որ ցանկացած լավ արդյունք կարելի է ստանալ համագործակցության ձեւաչափով եւ ոչ թե առճակատմամբ: Առճակատումը կարող է բերել այնպիսի փոփոխությունների, որոնք կհանգեցնեն ավելի մեծ վտանգների: Դրա համար էլ չպետք է երբեք մերժել երկխոսության հնարավորությունը` հանուն իրական փոփոխությունների եւ ոչ թե ձեւական մոտեցումների:

Հ. Գ. ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե Քառյակի ծրագրերը չեն փոփոխվել. «Մեր բոլոր պլանները ընթացքի մեջ են, ուժի մեջ են», -հավաստիացրեց նա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս