Եթե Վալերը զենք ունենար, կկարողանար դիմադրել դիվերսանտի ելուզակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի կատարած այցելության ժամանակ կոթեցիները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից խնդրել էին իրենց զենք բաժանել: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը համարում է, որ հայ սահմանապահները լավ են կատարում իրենց պարտականությունները, եւ ասում, որ զենքը պետք է բաժանել միայն օրենքով սահմանված կարգով:

«Ժողովուրդ»-ը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից հետաքրքրվեց կոթեցիներին զենք տրամադրելու հնարավորության մասին: Մարզպետն ասաց, որ ոչ միայն Կոթիի, այլեւ սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներին զենք կտրամադրվի, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Նրա խոսքով, սակայն, դրա համար պետք է սահմանել ընթացակարգ, որպեսզի պատշաճ ձեւով վերահսկողություն իրականացվի: Զենք ստանալու ցանկության մասին հայտարարել են նաեւ Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղի բնակիչները: Չորաթանի Ներքին հողեր տեղամասը սահմանակից է Ադրբեջանին, դաշտում աշխատող անզեն գյուղացիները հաճախ են դառնում ադրբեջանական գնդակոծության թիրախ:

Հիմա Տավուշի սահմանագոտում հարաբերական անդորր է: Հուսանք, որ այն երկար կշարունակվի: Սակայն պետք է ամեն պահի պատրաստ լինել, որ ադրբեջանական զինուժը անդորրը կխախտի եւ նենգ քայլերի կդիմի: Հիշենք վերջերս Այգեձորում կատարված դեպքը: Հուլիսի 30-ին ադրբեջանցի դիվերսանտը մտնելով գյուղի տարածք՝ վիրավորել էր կորած անասունները որոնելու, նաեւ անտառից վառելափայտ բերելու գնացած այգեձորցի, 1965թ. ծնված Վալեր Ճաղարյանին: Բարեբախտաբար, գնդակը դիպել էր այգեձորցու ուսին եւ նրան ծանր վնաս չէր պատճառել: Այգեձորցիները վստահ են` եթե Վալերը զենք ունենար, կկարողանար դիմադրել ելուզակին:

Վերջերս Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ ինքը 250 հազար դրամ վճարելով` օրինական կարգով հրազեն է գնել: Նա ասաց, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում լքել հայրենի հողը, իսկ իր ընտանիքը պաշտպանելու համար պետք է զենք ունենալ:

Վերջին տարիներին Տավուշի սահմանագոտու բնակիչների մոտ պահվող, չգրանցված զենքն ու զինամթերքը ոստիկանությունն առգրավել է, այդ կապակցությամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Մամուլի հրապարակումներից, ոստիկանության հաղորդագրություններից պարբերաբար լսում ենք Երեւանի կենտրոնում, հանրապետության այլ վայրերում ինքնաձիգերով եւ տարատեսակ զենքերով արյունալի «ռազբորկա»-ների մասին: Փաստորեն` հանցագործ տարրերը զինված են, իսկ սահմանամերձ գոտում ապրող մարդիկ անզեն են:




Լրահոս