Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքապետեր հայտնվել էին դատարանում: Նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպչական-տնօրինչական գործառույթներով օժտված պաշտոնատար անձինք, նրանք պաշտոնական դիրքը շահադիտական նպատակներով ծառայության շահերին հակառակ օգտագործելով կատարել են դիզվառելիքի խոշոր չափերի յուրացումներ:
Ըստ մեղադրանքի` գյուղապետերը գյուղացիներին հատկացված էժան դիզվառելիքի փաստաթղթերը կեղծել են` ներկայացնելով, թե իբր գյուղացիներն այն ստացել են, իսկ ստացված գումարները յուրացրել են: Խոսքա ավելի քան 50 մլն դրամի մասին է: «Ժողովուրդ»-ը գյուղապետերից տեղեկացավ, որ դատարանն իրենց մեղավոր է ճանաչել, բայց միեւնույն ժամանակ ազատել է պատիժը կրելուց: Իսկ պատժից ազատելու պատճառն այն է, որ մինչ դատավարությունը գյուղապետերը հատուցել էին պետությանը պատճառված վնասը:
Տեղեկացնենք, որ գյուղացիներին դիզվառելիք հատկացվում է պետական աջակցության շրջանակներում: ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` ՀՀ պետական բյուջեից դեռեւս 2011-ին որպես սուբսիդավորում 1,3 մլրդ դրամ էր տրամադրվել «Ֆլեշ» ընկերությանը, որպեսզի վերջինս 12 հազար 600 տոննա դիզվառելիքը զեղչված գներով մատակարարի գյուղացիներին: Ծրագրով գյուղացիները հնարավորություն էին ստանում 1 լիտր դիզվառելիքը 440 դրամի փոխարեն գնել 350-ով:
Սակայն կառավարության այս որոշումից կարճ ժամանակ անց Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիք տրամադրելու գործընթացում կատարված յուրացումների, պաշտոնական կեղծիքների եւ պաշտոնական դիրքի չարաշահումների առթիվ:
Ըստ ՀՔԾ պաշտոնական հաղորդագրության` այդ չարաշահումները տեղի էին ունեցել Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում: Այս քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ հատկացված դիզվառելիքի մեծ մասն ուղղակի չի հասել իր հասցեատերերին: Գյուղացիներին ստիպել էին ստորագրել համապատասխան փաստաթղթերը, բայց տրամադրել էին հասանելիք դիզվառելիքի միայն մի մասը:
Հենց այս քրեական գործի շրջանակներում էլ Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավար Ահարոն Աբրահամյանը, Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղամասար համայնքի ղեկավար Գարեգին Բեգյանը, Տրետուք համայնքի ղեկավար Ալիկ Եղիազարյանը, Ախպրաձոր համայնքի ղեկավար Լարվենդիկ Ղազարյանը, Վանեւան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը, Մաքենիս համայնքի ղեկավար Հարություն Մանուկյանը, Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը, Ազատ համայնքի ղեկավար Սիմոն Սահակյանը եւ Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը հայտնվել էին դատարանում:
«Ժողովուրդ»ը զրուցեց այս համայնքների ղեկավարներից մի քանիսի հետ` պարզելու` արդյոք իրենց մեղավոր ճանաչո՞ւմ են կատարված յուրացումների մեջ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Պետական գործ է, մեկը սխալվում է, մյուսը ճիշտ է լինում: Մեզ նեղություն չեն տվել, ավել բան չեն պահանջել մեզանից: Անձամբ ես գյուղացիներին դիզվառելիք եմ տվել, բայց անձնագրի տվյալները չեմ վերցրել: Իհարկե այդ ժամանակ նման բան մեզանից չէին պահանջում: Մեզ նախապես չեն զգուշացրել, որ պետք է դիզվառելիք տալու դեպքում բնակչից անձնագրի սերիա վերցնենք: Հետո` որոշ ժամանակ անց, պահանջեցին դիզվառելիք ստացած անձանց անձնագրի տվյալները ներկայացնել:
Ես էլ ներկայացրեցի եղբորս, ընկերոջս անձնագրի տվյալները` չմտածելով, որ հետո հայտնվելու էինք փաստի առաջ: Ու այդպես էլ եղավ: Պատահական եկան հարցաքննեցին եղբորս, իսկ եղբայրս էլ բանից անտեղյակ էր: Դե, իհարկե, ես էլ բացատրեցի, որ նախկինում մեզանից անձնագրի տվյալներ չեն պահանջել, դրա համար էլ մենք գյուղացիներին դիզվառելիքն առանց դրա ենք բաժանել»:
Վանեւան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանն էլ իր հերթին պնդեց, որ այս գործով ինչ եղել է` թյուրիմացության հետեւանքով է: «Անհիմն էր: Անմեղ ենք մենք: Սխալ ինֆորմացիայի հիման վրա մեր կողմից կատարված օրինական գործողությունը որակվեց որպես անօրինական: Մենք էլ ապացուցեցինք, որ անմեղ ենք: Նշված էր անսահմանափակ քանակությամբ կարող ենք տալ գյուղացուն, հստակ թիվ չկար, թե մարդուն քանի լիտր է հասնում: Մենք օրինական դաշտում գումարը մուծել ենք եւ հասանելիք վառելանյութը ստացել:
Բայց արի ու տես, որ դիզվառելիքի հստակ թիվ կա սահմանված, որը պետք է բաժանենք գյուղացուն: Դուք չգիտե՞ք, թե այսօր ում են կանչում դատարան: Ոչ թե մեղավորին, այլ` անմեղին, իսկ հանցագործները հանգիստ ման են գալիս փողոցներում»,- ասաց Վանեւանի համայնքապետը:
Իսկ Նորակերտի համայնքապետ Գերասիմ Սարգսյանը տեղի ունեցածից շատ էր զայրացած. «Մենք անմեղ ենք ու ոչ մի կապ չունենք էդ փաստաթղթերի կեղծումների հետ: Ես չհասկացա թե ինչ եղավ, որ դատարանում հայտնվեցինք: Բայց ապացուցեցինք, որ մեղավոր չենք: Ի վերջո, չհասկացանք, թե մեզ ինչում էին մեղադրում»:
Մաքենիս համայնքի ղեկավար Հարություն Մանուկյանը նույնպես վստահեցրեց, որ այս գործարքում ոչ մի փաստաթուղթ չի կեղծվել: «Ամբողջ հանրապետությունը զբաղվեց մեզանով: Մենք մաքուր ենք: Բաժանման հարցն էր խնդիրը: Այսինքն` մի գյուղին հատկացրել են, ենթադրենք, 40 տոննա դիզվառելիք, բայց փաստաթղթով հատկացվածի չափով նշված չի եղել: Թվերը խառնել էին իրար»,- բացատրեց Մաքենիսի գյուղապետը: Ի դեպ, Ախպրաձորի գյուղապետ Լարվենդիկ Ղազարյանը կատարվածից հետո իր համապատասխան աշխատակիցներից մեկին նկատողություն է տվել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հետ. «Դիզվառելիքը տալիս է «Ֆլեշ» կազմակերպությունը: Ամեն ինչը, ամեն մանրուքի մասին մինչեւ բաժանելը նախապես զգուշացնում ենք գյուղապետերին: Եթե իրենք հակառակն են պնդում, ապա դա իրենց խնդիրն է: Բայց նշեմ, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ հստակ գրված է, թե ինչ կարգով պետք է բաժանվի դիզելային վառելիքը, ազատական պարատանյութը: Շատ էլ` որ գյուղապետերը նման բան են ասում»:
Սյունէ Համբարձումյան