Արդեն տևական ժամանակ է` Արագածոտնի մարզի Ավան համայնքում քաոսային վիճակ է տիրում. գյուղը ոռոգող Ամբերդ գետին չորացման վտանգ է սպառնում:
Armlur.am-ի հետ զրույցում Ավանի գյուղապետ Գևորգ Գալստյանը վստահեցրեց, որ չորացման պատճառը բնակլիմայական պայմաններն են, և գյուղացիների հայտարարությունը, թե դա դա իրականում ՀԷԿ-ի առկայությունն է, իրականությանը չի համապատասխանում:
Գյուղապետի խոսքերով` գետից ջուր վերցնում են նաև հարակից մի քանի այլ գյուղեր, ինչը նույնպես հանգեցում է ջրի սակավությանը:
«Ես բազմիցս ասել եմ ու շարունակում եմ պնդել, որ ամեն բան արվում է այս դժվարությունը հաղթահարելու համար: Գետի ջուրը մինչև 200 լիտր է իջել: Ջրի իջնելը ամառվա շոգի պատճառով է էղել, հետո էլ ձյուն չի եկել կարգին»,- վստահեցրեց գյուղապետը:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-ին, գյուղապետը սփոփեց` ասելով, թե եթե ոռոգման սեզոնին կարիք լինի, ՀԷԿ-ի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի:
Ավանի գյուղապետը վստահեցրեց, որ գյուղի ոռոգման ջրի խնդիրը մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, սակայն ջուրն այնքան է պակասել, որ չեն հասցնում ապահովել գյուղացիների պահանջարկը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ մի քանի գյուղացի «Փաստինֆո» լրատվականին պատմել էր, որ գետը ցամաքեցնողը դրա հունի վրա կառուցված ՀԷԿ-ն է, որի աշխատանքի պատճառով իրենց ցանքատարածություններն ու այգիները ամառվա շոգ եղանակին չորանում են:
Գյուղացիները սպառնում են խնդրի չլուծման դեպքում փակել Երևան-Գյումրի ավտոճանապարհը: