Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հերթականը Դավթաշեն վարչական շրջանն էր, որտեղ Տարոն Մարգարյանը ծանոթացել է իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել հանգստի գոտիներում, այգիներում, պուրակներում և բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը: Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է վարչական շրջանում վերջերս ձևավորված փոքր շուկաների պայմաններին և զրուցելով առևտուր իրականացնողների հետ՝ հավաստիացել է, որ քաղաքակիրթ առևտրի կազմակերպմանն ուղղված քաղաքապետարանի քայլերը գոհունակությամբ են ընդունվել թե առևտրականների և թե քաղաքացիների կողմից:Այնուհետ քաղաքապետը ծանոթացել է բակային տարածքներում իրականացվող բարեկարգման աշխատանքներին: Մասնավորապես զեկուցվել է, որ բարեկարգվող բոլոր բակերը կհամալրվեն նստարաններով ու զրուցարաններով, ինչը, ըստ էության, իրականացվում էր նաև շրջայցի պահին: Դավթաշենի առաջին թաղամասում մարզասեր փոքրիկների համար շուտով ֆուտբոլի փոքր խաղադաշտ կկառուցվի: Բակերի բարեկարգման մասով իրենց գոհունակությունը հայտնելով Տարոն Մարգարյանին՝ դավթաշենցիները հույս են հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական, և բոլոր բակերը կբարեկարգվեն, ինչին ի պատասխան քաղաքապետը հավաստիացրել է, որ ծրագիրը կլինի շարունակական և հորդորել է բնակիչներին լինել ավելի ակտիվ ու մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղված քաղաքապետարանի բոլոր նախաձեռնություններին:Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաև Երևանի թիվ 200 դպրոցի բակ, որտեղ լսելով բնակիչների կողմից առաջադրվող խնդիրները՝ տեղում հանձնարարել է ապահովել աշակերտների անվտանգությունը և արգելել ավտոմեքենաների մուտքը դպրոցի բակային տարածք: Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջաններն են, և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Ըստ այդմ՝ հանձնարարվել է առավել հետևողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերի հնարավորին շուտ լուծումներ տալու հարցում:
Տարոն Մարգարյան շրջայց է կատարել Դավթաշենում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ