2014թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք` 6 տուժածով, մահվան ելք չի արձանագրվել: Թունավորումների պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում:
Ընթացիկ տարում արձանագրվել է սնկային թունավորման 20 դեպք` 29 տուժածով, որից 8-ը մինչև 14 տարեկան երեխաներ։ Թունավորման պատճառ է դարձել թունավորվածների կողմից հավաքված սնկերի օգտագործումը։ Դեպքերը հիմնականում արձանագրվել են Լոռու, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի մարզերում:
Թունավորման նախնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ, բոտուլիզմի դեպքում՝ երկտեսություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), ռնգախոսություն և այլն: Առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը.
• չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես` արագ փչացող սննդամթերք,
• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ և այլն) օգտագործելուց առաջ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը),
• հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ,
• սննդամթերքը պահել փակ տարաներում` ճանճերից աղտոտումը կանխարգելելու նպատակով,
• չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և ոռոգման ջրանցքներում,
• խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` եռացնելով 20-25 րոպե,
• չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից։