Սահմանամերձ Ճամբարակ քաղաքի քաղաքապետ Յուրա Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ 38 կիլոմետր ավտոճանապարհը վերանորոգելու համար ողջ քաղաքը պատրաստ է քվեարկել ՀՀԿ-ի օգտին: -Պարո՛ն Ավալյան, Ձեզ մոտ քաղաքական իրավիճակը սրվե՞լ է: -Կայուն է: Սրվելու խնդիր չկա: Բնակիչները բոլորին էլ ճանաչում են` կուսակցություններին: -Իսկ ո՞ւմ են ավելի շատ հակված ընտրելու: -Դե, բնականաբար, Հանրապետականին: -Բայց ինչո՞ւ բնականաբար: -Դե, այնուամենայնիվ, եթե համայնքի ղեկավարը հանրապետական ա, այս տարածքում ունենք լուրջ խնդրի լուծում` կառավարական մակարդակով: -Ի՞նչ խնդրի մասին է խոսքը: -Ավտոճանապարհի 38 կիլոմետրի կառուցում, որը մեր գերակա խնդիրն էր: Այդ խնդիրը լուծում է ստացել, եւ բնակիչները տեսան, որ, վերջիվերջո, մեր տարածաշրջանի ճանապարհը հիմնովին կառուցեց: -Բայց Ճամբարակը Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ քաղաքներից մեկն է: Մարդիկ հա՛մ վատ են ապրում, հա՛մ սիրում են ՀՀԿ-ին, ինչպե՞ս է դա լինում: Ընդամենը մի ճանապարհը սարքելո՞վ: -Ես չգիտեմ, թե ոնց է, որ ամենաաղքատն է: Էստեղ մարդիկ իրենց զբաղմունքն ունեն: -Ձեզ մոտ գործազրկություն էլ չկա՞: -Դե մարդիկ անասնապահությամբ են զբաղվում, իրենց տունը պահում են: Մարդիկ կան՝ պետական աշխատողներ են: Իրենց խնդիրները լուծում են: Էդքան պրոբլեմներ չկան, որ ասենք, թե վատ է: Հասկացանք` գործարաններ չկան, որ մարդիկ աշխատեն, բայց դե անասնապահությամբ կարողանում են իրենց աշխատանքը ապահովել: -Հավանաբար կասեք նաեւ, թե Ճամբարակից մարդիկ չեն արտագաղթում: Այո՞: -Այդքան էլ ոչ: -Փայլուն է: Իսկ այլ կուսակցությունները ներկայացվա՞ծ են հեռավոր Ճամբարակում, թե՞ միայն ՀՀԿ-ն է: -Դե հիմա Ձեզ ասեմ` իմ տեղակալը Բարգավաճ ա: Կուսակցության նախագահն ա: -Տուկի թել, սելիտրա չի՞ բաժանում ԲՀԿ-ի կողմից: -Չէ՛, տենց տեղեկություն չունեմ: -Իսկ տրակտո՞ր: -Էս պահի դրությամբ տենց բան չեն տվել: -Իսկ ընդդիմությունը Ձեզ մոտ ի՞նչ դիրքերում է: -Ճիշտն ասած, մեզ մոտ ընդդիմությունն ուժեղ կառուցվածքներ չունի: -Իսկ համակիրնե՞ր: -Համակիր ունեն, բայց քիչ կազմով: -Ձեզ մոտ մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել: ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի անդամներն են առաջադրել իրենց թեկնածությունը: Ո՞ւմ համար եք աշխատում: -Էսօրվա դրությամբ մեծամասնականի պահով ոչ մեկի համար չենք աշխատում: -Իսկ անձամբ Դուք ո՞ւմ եք ճանաչում, ո՞ւմ եք հակված պաշտպանելու: -Ես ոչ մեկին էլ չեմ ճանաչում, ոչ մեկի հետ էլ շփում չեմ ունեցել: -Բայց իրենք նաեւ Ճամբարակն են ներկայացնելու, ով էլ որ ընտրվի: Իսկ Դուք որեւէ մեկին չե՞ք ճանաչում: -Դե քարոզարշավը թող սկսվի, թեկնածուները կգան համայնք, կշփվենք, կճանաչենք, կտեսնենք` ով հնարավորություն ունի մեր համայնքում ինչ-որ բան անելու, նրան էլ կպաշտպանենք: Հ.Գ. Ու այսպիսի ծիծաղելի տրամադրությամբ էլ ՀՀԿ-ն կառուցում է իր ընտրարշավը. եթե համայնքի ղեկավարը ՀՀԿ-ական է, ուրեմն ՀՀԿ-ն պետք է ընտրվի: Ոչինչ, որ մարդիկ սոված են, թշվառ, անգործ: Կարեւորը համայնքի ղեկավարը ՀՀԿ-ական է, գազալցակայան ունի ու իր կամքը կարող է թելադրել իրենից խեղճին: