ԽՍՀՄ-ում կար Գիտական կոմունիզմի ինստիտուտ. կենտրոնը Մոսկվայում էր, բայց այն իր մասնաճյուղերն ուներ ողջ երկրով մեկ: Գիտական կոմունիզմի ինստիտուտը, ի թիվս այլ գործերի, պարբերաբար դասախոսությունների շարք էր անցկացնում երկրի բնակչության համար՝ մեկնելով շրջաններ ու գյուղեր, հանդիպելով բանվորագյուղացիական դասակարգի ներկայացուցիչների հետ: Նման դասախոսություններով հանդես գալը բավականին եկամտաբեր գործ էր՝ գիտական կոմունիզմի ուսմունքի վարդապետներն աշխատավարձերին զուգահեռ հավելավճարներ էին ստանում, ձեռքի հետ կոմունիզմի գաղափարախոսությունը տարածելով, մարդկանց լուսավորում: Փառահեղ ժամանակներ էին, որոնց հերոսներն այսօր էլ կան:
Օրինակ՝ Սերժ Սարգսյանը, ով կուսակցական պաշտոն էր զբաղեցնում ԼՂԻՄ-ում, բավականին ակտիվ էր կոմունիզմի գաղափարախոսությունը տարածելու հարցում: Այս հարցում իր ջանասիրությամբ չէր զիջում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով էլ կոմունիստական լուսավորություն էր տարածում Հայաստանի շրջաններում:
Տարիներ անց, կոմսոմոլի սերունդը նորից անցել է գործի, բայց այս անգամ ոչ թե կոմունիստական գաղափարախոսություն, այլ՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ տարածելու հարցում: Վերջին ամիսներին Գագիկ Հարությունյանը, որպես Սերժ Սարգսյանի ստեղծած Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար, այցելում է մարզեր և բնակչությանը քարոզում Հայաստանի փրկության բանալին, քաղաքական Արմենիկումը՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Սցենարը կարծես թե նույնն է՝ հիմնական լսարանը կրկին մարզի պաշտոնյաներն են՝ մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ և պետական համակարգի աշխատակիցներ: Բայց կա մեկ, ինչ-որ տեղ էական տարբերություն. սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները, ի տարբերություն գիտական կոմունիզմի քարոզիչների, իրենց գործունեության համար հավելյալ աշխատավարձ չեն ստանում:
Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան, այդպես վստահեցրին Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունից:
«Հայտնում ենք, որ Հանձնաժողովն ստեղծվել է որպես նախագահին առընթեր խորհրդատվական մասնագիտական մարմին` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով, և նրա անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով (Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգի 2-րդ կետ), իսկ նրանց հիմնական աշխատանքը չնորմավորված աշխատանք է: Հետևաբար, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները նշված գործունեության համար որևէ վճար, ինչպես նաև հավելավճար չեն ստանում»,- նշված է գրության մեջ, որտեղ, ի դեպ, կոպիտ տառասխալ կար. գրված էր՝ Հայաստանի հանրապետություն, այնինչ՝ երկու բաղադրիչները գրվում են մեծատառերով (վերևում մեջբերելիս մենք ուղղել ենք սխալը,-Ա.Գ.):
Եվս մեկ էական տաբերություն. հանձնաժողովի անդամների՝ մարզերում անցկացվող հանդիպումների վրա, այնուամենայնիվ, գումարներ ծախսվում են, բայց ոչ պետական բյուջեից, ոչ էլ՝ հանձնաժողովի անդամների գրպանից, այլ՝ այս հարցում ակտիվ են միջազգային կազմակերպությունները: «Հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում տեխնիկական և կազմակերպական բնույթի ծախսերը կատարվել են բացառապես Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳIZ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից»,- «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են հանձնաժողովի քարտուղարությունից: Թե որքան գումար է ծախսվում, այդ մասին որևէ խոսք չկա: «Ժողովուրդ»-ը դեռ շաբաթներ առաջ հարցում է ուղարկել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳIZ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակներ, բայց՝ այդպես էլ որևէ մեկը չի պատասխանել:
Այնինչ, շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե միջազգային կազմակերպություններն ինչու և ինչքան ֆինանսավորում են հատկացրել այդ նպատակով: Ու սա այն դեպքում, երբ սահմանադրական փոփոխությունները Հայաստանում ամենևին էլ օրակարգային չեն, և դրանք բխում են միայն գործող իշխանության շահերից, և որը ստիպողաբար պարտադրվում է ժողովրդին: Իսկ միգուցե միջազգային կազմակերպությունները որոշել են սահմանադրական հանձնաժողովին աջակցելով, անուղղակի աջակցել ընդդիմությա՞նը. չէ՞ որ ընդդիմությունը հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանը գնա սահմանադրական հանրաքվեի, ապա իրենք այն կդարձնեն ռեժիմին անվստահություն հայտնելու և իշխանափոխության առիթ:
Արման Գալոյան