ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆՆ ՈՒ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող ռեժիմն իր գոյության 14 տարիների ընթացքում հետեւողականորեն սեպեր է խրել հայության տարբեր հատվածների միջեւ: Վարչախմբի կողմից այս տարիների ընթացքում իրականացրած հանցագործությունների շարքում սա, թերեւս, ամենավտանգավորն է ու ամենածանր հետեւանքներ ունեցողը:
Այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի «անմնացորդ ջանքերի շնորհիվ» հայաստանաբնակների մեջ որոշակի բացասական վերաբերմունք է ձեւավորվել ղարաբաղցիների հանդեպ: Այդ վերաբերմունքը դրսեւորվում է ամեն քայլափոխի` կենցաղային մակարդակի զրույցներից մինչեւ հումորային ելույթներ: Ստեղծված իրավիճակն ամենեւին էլ պատահական չէ. այս 14 տարիների ընթացքում իշխանություններն իրենց նպատակների համար որպես գործիք օգտագործել են հենց ղարաբաղյան ծագում ունեցող մարդկանց: Օրինակ` ներքաղաքական բախումների ժամանակ որպես պատժիչ ուժ` իշխանություններն օգտագործել են Ղարաբաղից բերված ջոկատները. ե՛ւ 2004թ. ապրիլի 12-ի իրադարձությունների, ե՛ւ 2008թ. մարտի 1-ի սպանդից հետո համառ լուրեր էին շրջանառվում, թե Ղարաբաղից զորք է բերվել, որն էլ իրականացրել է ժողովրդի դեմ հարձակումն ու անխնա ծեծուջարդը: Եւ այդքանից հետո բնական էր, որ հայության այդ հատվածի հանդեպ որոշակի հասարակական տրամադրություններ ձեւավորվեցին: Ստեղծված իրավիճակին նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ իշխանական վերնախավում պաշտոնավարում են ծագումով ղարաբաղցիները. վերջին 14 տարիների ընթացքում ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոնի նշանակվելու կամ հաջողակ բիզնես վարելու նախապայմաններից մեկը եղել է ղարաբաղյան արմատներ ունենալը: Ավելի ճիշտ, ղարաբաղցիները, գալով Հայաստան, Քոչարյանի իշխանության օրոք ստացան անսահմանափակ լիազորություններ` փող եւ իշխանություն: Գաղտնիք չէ` հասարակական պատկերացումներում ձեւավորվել է նաեւ ղարաբաղյան կլան հասկացությունը, եւ ընդունված է համարել, որ 1998թ. հեղաշրջումից հետո ՀՀ-ում իշխանությունն իրականում ոչ թե երկրի նախագահի, այլ հենց ղարաբաղյան կլանի ձեռքում է:
Ու հիմա, այս իրավիճակը չմարսած, իշխանությունները նմանատիպ մեկ այլ խնդիր են ստեղծել. հայաստանաբնակների մոտ փորձում են բացասական վերաբերմունք ձեւավորել ջավախահայերի հանդեպ: Ընտրողների ցուցակների հրապարակումից հետո պարզ դարձավ, որ տասնյակ հազարավոր ջավախահայեր, լինելով Վրաստանի քաղաքացի, հայկական անձնագրեր ունեն ու գրանցված են ընտրացուցակներում: Ավելին, իշխանություններն առաջիկայում ընտրակեղծիքները պատրաստվում են կատարել` կա՛մ հենց այդ անձանց քվեարկության բերելով, կա՛մ նրանց փոխարեն քվեարկելով: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Վրաստանի քաղաքացիներին ՀՀ անձնագիր տալն ապօրինի է. Վրաստանը չունի երկքաղաքացիության մասին օրենք, հետեւաբար այդ երկրի քաղաքացի ջավախահայերին ՀՀ քաղաքացիության անձնագիր տալով (ընդ որում, խոսքը ոչ թե երկքաղաքացիության, այլ ՀՀ քաղաքացու անձնագրի մասին է, ինչն ապօրինի է), ըստ էության, կարող ենք հայտնվել դիվանագիտական սկանդալների մեջ` վտանգելով մեր հարաբերությունները հարեւան երկրի հետ: Բայց այստեղ շատ ավելի վտանգավոր է հասարակության մեջ ջավախահայերի հանդեպ ընտրակեղծարարի պատկերացումը ձեւավորելը, ինչի միտումներն արդեն իսկ նկատվում են:
Ծնունդով ջավախքցի, ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չցանկացավ խոսել այս մասին: Ըստ նրա` այդ թեման արծարծելով, ըստ էության, վնաս է հասցվում ջավախահայությանը: Փոխարենը Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Զոյա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իշխանությունները «բաժանի՛ր, որ տիրես» կարգախոսը հռչակել են իրենց գործունեության գլխավոր փիլիսոփայությունը: «Նրանք լավ գիտեն` որքան մեր ժողովրդի հատվածները տարանջատված լինեն, այնքան հեշտ կլինի մեզ կառավարելը: Դրան գումարած` առաջնորդվում են «որքան աղքատ լինի հասարակությունը, այնքան հեշտ կլինի նրան կառավարելը» թեզով: Նրանք այս երկու անբարո կարգախոսներով են կառավարում հասարակությանը, եթե դա կարելի է կոչել կառավարում»,-ասաց Զոյա Թադեւոսյանը: Ըստ ՀԱԿ անդամի` իշխանությունը չունի այլ ռեսուրս. «Նրանք քվեարկության պետք է բերեն ղարաբաղցիներին: Դա անելու են հարավային շրջաններում` Գորիսում, Սիսիանում, Քաջարանում, Կապանում: Ու հիմա, օգտվելով ջավախահայերի վիճակից, փորձում են մի կողմից իբր օգնել` ՌԴ մեկնելիս հայկական անձնագիր տալով, մյուս կողմից նրանց քվեարկության բերելով: Օգնել` չի նշանակում ջավախահայերին ընտրության իրավունք ընձեռել: Մենք օգնում ենք մեր հայրենակիցներին, բայց հիմա փորձում են նրանց միջոցով մեր տո՞ւնը քանդել»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս